00:00:00

Գործադիրին տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տրվեց

11:33, 07 հոկտեմբեր 2020

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նախագծով առաջարկվում էր պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը: Նախագծի ընդունմամբ հնարավորություն ընձեռնվեց կառավարության որոշմամբ հաստատելու հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Փոխնախարարը տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 87 «կողմ» ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր