00:00:00

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը

19:53, 24 սեպտեմբեր 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: «Ուրախ եմ լինել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանի նախագահին փոխանցելով Շվեդիայի թագավորի և կառավարության ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ իր ջանքերը կնպատակաուղղի հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կներդնի՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար: Խոսելով իր օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը և նշել, որ ակնկալում է ավելի շատ շվեդական ընկերություններ տեսնել Հայաստանում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը՝ նշելով, որ Շվեդիան այս ոլորտում մեծ հաջողություններ և լավ ավանդույթներ ունի: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար: Այդ համատեքստում նա անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում շվեդական ընկերությունների հետ հնարավոր գործակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր