Մոլորված ու ադրբեջանական կողմում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքում անելանելի իրավիճակներ չեն եղել։ Ընտանիքը հույս ունի` այս անգամ ևս ելք կգտնվի։ Sputnik Արմենիան այցելել է սպայի կնոջն ու երեխաներին, զրուցել նրանց հետ։
Քարաշեն գյուղական տուն` մյուսներից ոչնչով չտարբերվող, որի բակում երեխաներ են խաղում։ Սև, խոշոր աչուկներով մի աղջնակի հարցնում եմ` Աննայենց տունը սա՞ է։
Գյուղում քաղաքից եկողներին միանգամից են ճանաչում` լինի մեծ, թե մանուկ։ Աղջիկը հասկանում է` հյուր ենք, խաղը թողնում է, լրջանում և պատասխանում` այո, ճիշտ եք եկել, միայն թե մայրը տանը չէ։
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։
Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։
Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։

Գուրգեն Ալավերդյանն արդեն շուրջ 4 տարի է, ինչ ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող։ Հենց սկզբում աչքի է ընկել որպես լավ զինծառայող, և նրան առաջարկել են վերապատրաստվել ու խորանալ իր գործում։ Ալավերդյանը համաձայնել է և սկզբում ծառայության անցել Շամշադինի զորամասերից մեկում։ Նա մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել Արցախի այն զորամասում, որտեղից էլ մոլորվել է։
Աննայի ամուսինն արդեն Արցախում տուն էր փնտրում, ինչպես նաև աշխատանք կնոջ համար (կենսաբանության ուսուցչուհի է), որպեսզի ընտանիքին մոտ լիներ։ Ավելին, նրանց աղջիկն էլ այս տարի պետք է դպրոց գնար, և փորձում էին արագ տեղավորվել Արցախում։
Վիկան դպրոցի անուն լսելիս` լայն ժպտում է, ասում է` շատ է ուզում դպրոց գնալ։ Մայրը, սակայն, երեխային ձեռքի տակ է առնում, ամուր գրկում ու ասում, որ գուցե այս տարի իր մեջ ուժ չգտնի երեխային դպրոց տանելու, դեռ չի կարողանում իրեն հավաքել։ Վիկան մեծ աղջիկ է, հասկանում է ամեն ինչ ու դեռ մի բան էլ ինքն է մորը հանգստացնում` ոչինչ, մյուս տարի կգնամ դպրոց։
«Հոր հետ կապված դեպքից օրեր առաջ աղջիկս արթնացավ ու ասաց` մամ, գիտե՞ս, ես ադրբեջանցուն պատկերացնում եմ այսինչ արտաքինով։ Զարմացել էի` ինչո՞ւ է երեխաս նման բաներից խոսում։ Երազ էր տեսել, կանխազգացել էր»,–ասում է Աննան ու իր գրկում ավելի ամուր սեղմում աղջկան։