00:00:00

ԱՄՆ-ում Բելառուսին կոչ են արել ձայների վերահաշվարկ իրականացնել կամ նոր ընտրություններ անցկացնել

12:45, 11 օգոստոս 2020 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի սենատոր, արտաքին գործերի հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել Բելառուսին նոր ընտրություններ անցկացնել կամ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների ձայների «ճշգրիտ» վերահաշվարկ իրականացնել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտարարի, որ ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հարաբերություններում վերջին ձեռքբերումները ոչ մի արժեք չեն ունենա, եթե Բելառուսի իշխանությունները հստակ չհաշվարկեն կիրակնօրյա քվեաթերթիկները կամ նորից ընտրություններ չանցկացնեն` միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական չափանիշներով»,-ասված է Մենենդեսի գրավոր հայտարարության մեջ: «Եթե այս բռնությունն ու հարձակումը ժողովրդավարության նկատմամբ շարունակվի, ապա ես ակնկալում եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան արագորեն կվերականգնեն պատժամիջոցներն ընդդեմ Լուկաշենկոյի և նրա օգնականների»,-հավելել է Մենենդեսը: Նա ընտրությունները «կեղծարարություն և ողբերգություն» է որակել, իսկ Բելառուսում ենթադրաբար որպես քաղտեխնոլոգ աշխատող ԱՄՆ քաղաքացի Վիտալի Շկլյարովի ձերբակալությունն անընդունելի է համարել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 81, իսկ Տիխանովսկայան՝ 8%-ը: Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ: Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով: «Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք, իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա: «Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր