00:00:00

Դիմել ենք դատարան. դուք անբարոյական եք, դուք հանցագործ եք. Փոստանջյանը՝ Փաշինյանին եւ ԿԳՄՍ նախարարին

16:22, 27 հուլիս 2020

Դիմորդները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել դիմելու տարբեր ֆակուլտետներ եւ ստանալով բարձր միավորներ, կարող էին անցնել այդ բաժիններից մեկը՝ անկախ նրանից, թե առաջին հայտով որտեղ էին նշել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այդ կարգի հիմա էլ շարունակում է գործել: «Կառավարությունը մայիսի 21-ին ընդունել է որոշում, որով փոխել է ընդունելության կարգը՝ անդրադարձ չկատարելով նախկին որոշումներին: Կառավարությունը նման իրավասություն չուներ: Ցանկացած դեպքում, երբ կառավարությունը պետք է որոշում ընդունի, այդ որոշումը պետք է համապատասխանի Սահմանադրությանը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Այսինքն պետք է անցկացվեր պետաիրավական փորձաքննություն եւ տրվեր եզրակացություն, թե արդյոք կառավարության նոր որոշումը կարող է հակասության մեջ գտնվել այլ նորմատիվ-իրավական ակտերի հետ: Ես կարծում եմ, որ նման եզրակացություն եղել է եւ այն եղել է բացասական, որ այսպիսի ակտ իրավունք չունեք ընդունելու»,-ասաց նա: Փոստանջյանի խոսքով, դիմորդների մեծ մասը հայտերն առցանց լրացրել են հին կարգի դրույթներին համապատասխան. «Ցանկացած նորմատիվ իրավական ակտ, որը կարող է վատթարացնել անձի վիճակը, պետք է ունենա հնարավորություն ողջամիտ ժամկետում ուժի մեջ մտնելու: Կառավարությունն այդ նորմը չի պահպանել: Նախարարը պնդում է, որ ինքը «լայվի» միջոցով իրազեկել է, բայց «լայվը» պետության կողմից պաշտոնապես ճանաչված իրազեկման միջոց չէ: Ծանուցումը պետք է լինի պաշտոնապես եւ պետք է ողջամիտ ժամկետ լինի այն ուժի մեջ մտնելու համար: Չես կարող այսօր ընդունես, վաղը այն մտնի ուժի մեջ»: Կուսակցության ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին այդ որոշումն արդեն վիճարկվում է վարչական դատարանում. «Մենք պահանջում ենք վերացնել այդ որոշումը: Այն չի կարող տարածվել այն դիմորդների վրա, որոնք դրանից տուժել են: Կառավարությունը պարտավոր է վերականգնել այդ դիմորդների իրավունքները, որոնք տուժել են այդ որոշումից, նրանցից ներողություն հայցի եւ հատուցի պատճառած վնասները: Եթե վարչապետը թույլ է տվել անփութություն, դա նույնպես պատասխանատվության ենթակա գործընթաց է: Եթե նախկին իշխանությունն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին է, ապա այս իշխանությունը նույնիսկ դա չի կարողանում ապահովել»,-ընդգծեց նա: Ասուլիսին ներկա դիմորդներից մեկն ասաց, որ արդեն հարցը գնացել է դատարան, իրենք հասարակական շարժում են կազմակերպել, որը ոչ մի կապ չունի որեւէ քաղաքական ուժի հետ, եւ իրենք որեւէ քաղաքական շահեր չեն հետապնդում: «Մենք պահանջում ենք տալ հնարավորություն ստացիոնար ուսում ստանալու: Հարգելի պարոն նախարար, եւս մեկ անգամ հորդորում եմ՝ դուրս եկեք, մեր դեմ կանգնեք, զրուցենք եւ փորձենք ընդհանուր հայտարարի գալ, թե չէ մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դատարանում»: Իր հերթին Զարուհի Փոստանյանն ասաց. «Մենք միջնորդել ենք, որ դատարան հրավիրեն նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ ԿԳՄՍ նախարարին: Դուք անբարոյական եք, դուք հանցագործ եք, եթե թույլ չեք տալիս բարձր առաջադիմություն ունեցող դիմորդին կրթություն ստանալ: Պարոն Փաշինյան, երեւի չեք մոռացել, թե ինչպես էիք հանգրվանել «Կոծ», ապա «Արթիկ» ՔԿՀ-ներում,, հիմա այդ քրեակատարողական հիմնարկները նորից ձեզ կընդունեն, ձեզ եւ ձեր ԿԳՄՍ նախարարին: Ես չեմ կասկածում, որ այստեղ աշխատել է կոռուպցիոն սխեմա, եւ դրա համար պետք է կանչվեք քրեական պատասխանատվության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր