Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի «քաղաքական կարիերան» հասարակության աչքի առաջ է, լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն հերթական հեղափոխական փարթին է կազմակերպել Սևանում։ Մասնավորապես Սևանի White Shorja լողափում երեկ տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը: Սոցիալական ցանցերում տարածվել են լողափին տեղի ունեցած երեկոյան խնջույքի լուսանկարները, որոնցում երևում է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Լողափը նախկինում եղել է հանրային, սակայն ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այն արդեն սեփականաշնորհվել է։
Irakanum.am-ը դեռևս օրեր առաջ էր գրել, որ Սևանի «Սպիտակ ավազներ» կոչվող տարածքը ցանկապատվել է, եւ ՀՀ հպարտ քաղաքացիների մուտքը այդ հատված արգելված է։ Մենք գրել էինք, որ լողափում շրջող անվտանգության աշխատակիցները արգելում են քաղաքացիներին մտնել այդ հատված։
Հիմա անդրադառնանք իշխանական պատգամավորի, եթե ոչ անմիջական կազմակերպմամբ, ապա մասնակցությամբ բազմամարդ, անդիմակ միջոցառմանը։ Սա ոչ այլ ինչ է քան սանձարձակություն։ Տեղի ունեցածը նախ և առաջ հարված էր իշխանական այն գործիչներին, ովքեր առավոտից- գիշեր հայտարարում են, կոչ են անում զերծ մնալ բազմամարդ հավաքներից, կրել դիմակներ (նախընտրելի է Տավուշ տեքստիլի), պահպանել սոցիալական հեռավորություն, որպեսզի կտրվի համավարակի թելը։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը պարտավոր է անհապաղ ներողություն խնդրել կատարվածի համար, եւ մանդատը վայր դնել, որովհետեւ իշխանության, հատկապես օրենսդիր մարմնում անպատասխանատու, սեփական թիմի որոշումների վրա թքած ունեցող պատգամավորը հանրային վտանգ է ներկայացնում։
Պատգամավորն իհարկե դեռեւս չի մեկնաբանել տեղի ունեցածը, չի ասել օրինակ, որ նախկին դեպքի նման, երբ ընկերոջ մեքենայով քաղաքի կենտրոնում բացահայտ ցինիկաբար ֆռֆռում էր։ Չի բացառվում իհարկե, որ այս անգամ էլ Սարգսյանը «սուխոյ ատկազ» գա և հայտարարի, որ պատգամավորական գործունեությունից զատ զբաղվում է օրինակ բարմենությամբ։ Չէ, որ պատգամավորին էլ է փող պետք ապրելու համար, իսկ ինչպես գիտենք նորերը անփորձ են, բայց թալանչի չեն։
Ինչևէ երկու դեպքում էլ իշխանությունը ունի մեկ լուծում, արագ սեփական շարքերից ինքնամեկուսացնել պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Նախընտրելի է Սևանում, բայց ոչ լողափում, ավելի հարմար տեղ կա։
Irakanum.am