Հայաստանում գրանցված կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը, այսինքն, որ այս պահին ախտորոշված դրական դեպքերը առաջին անգամ հունիսի 14-ից հետո 10 հազարից ցածր են։ Սա շատ կարևոր նորություն է։ Եվ հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը համաշխարհային մակարդակով կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայություն ունենալ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է հակահամաճարակային փիար արշավը, նորից հակադիմակային արշավներ են սկսվում։ «Ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, թե ինչն է պատճառը, որ մենք տեմպի առնվազն որոշակի անկում ունենք։ Պատճառը միանաշանակ հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է։ Ինչքան էլ սա տհաճ է մեզ համար, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան մենք ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգ ու կանոն ունենալու շնորհիվ»,- հավելեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ շատ ժամանակ իրեն ևս հաճելի չէ դիմակ կրել, բայց գիտակցում է պահի լրջությունը։
Վարչապետը կոչ արեց չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները։
Նշենք, որ Հայաստանում հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 451 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 36613 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 153814, վերջին մեկ օրում` 1935 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9969 պացիենտ, նվազել է 44-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 25734 անձ` վերջին մեկ օրում 490 անձ:
Ընդհանուր առմամբ, 692 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):