Հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի ուժերի ուղղությամբ. հայկական ուժերը ոչ միայն հետ մղեցին գրոհները, այլեւ հակառակորդին պատճառեցին էական վնասներ: Այս մասին, յսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, ասաց. «Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում սպառազինության, ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի եւ ռազմաարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է:
Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, եւ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղորդելու համար:
Այս ամենի ֆոնին հարկ եմ համարում կատարել մի քանի կարեւոր արձանագրումներ: Նախ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա եւ եւս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին 2 շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում եւ ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներն իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են»:
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր ԼՂ հարցի կարգավորման գործընթացում եւ այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:
«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին եւ հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական միֆը, թե իրենց բանակը կարող է հաղթել հայկական բանակին, հետեւաբար Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին: Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով եւ ուժի սպառնալիքներով: Հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլեւ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են եւ չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:
Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների ու զինված ուժերի քանակը, այլ նախեւառաջ նրա գործողությունների որակն ու կառավարման մակարդակը: Հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլեւ տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին:
Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետեւություն: Մեր բանակը ինչպես եղել, այդպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր եւ Տավուշում եւս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը»,-ընդգծեց վարչապետը: