00:00:00

Աղտոտված արագիլների խնդիրը չի լուծվում. բնապահպանն ահազանգում է

21:33, 22 հուլիս 2020

Արարատի եւ Արմավիրի մարզերում աղտոտված արագիլների խնդիրը դեռ չի լուծվել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: «Քիչ առաջ զանգ ստացա Արարատի մարզից, որտեղ կոտրված ոտքով, մի փոքր էլ աղտոտված արագիլ կա։ Միանշանակ կարող եմ ասել, որ թեման շարունակվում է ու այնքան կշարունակվի, մինչեւ աղտոտման աղբյուրը չգտնվի, իսկ աղտոտման աղբյուրը մինչ այժմ չի գտնվել։ Դեռ ոչ մեկը պաշտոնական հայտարարություն չի արել՝ ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը, որ գտել են աղտոտման վայրը, փորձելու ենք խնդիրը լուծել կամ լուծում ենք այդ խնդիրը։ Կասկածներ կամ հիպոթեզներ են հնչում, որ դա գալիս է ձկնաբուծարաններից։ Դրանք ուղղակի խոսքեր են, ոչինչ ապացուցված չէ։ Իհարկե, հնարավոր է, որ ձկնաբուծարաններից լինի, բայց ապացույցներ չկան կամ կան, բայց դրանց մասին լռում են։ Ես նման կասկածներ ունեմ։ 2017 թվականից մենք բողոքում ենք, առաջին աղտոտված արագիլների մասին մեզ ահազանգել են այդ տարի Արարատի մարզի Հովտաշեն գյուղից։ Գնացել ենք այնտեղ, տեսել ենք, գտել ենք, հետո իր վրա է վերցրել Հակոբյան կենտրոնը, որ ուսումնասիրել է եւ ասել, որ յուղային մաս կա, նայել ենք, էլի չեն գտել։ Հետո դիմել ենք նորից տեսչական մարմին, հետո անցյալ տարվա այդ դեպքերը եւ այս նոր դեպքերը միասին մի հսկա բնապահպանական պրոբլեմ է՝ կապված կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի հետ, որի հարցը դեռ չի լուծվում»,- ասաց նա։ Սիլվա Ադամյանի խոսքով արագիլներին մաքրում են կամավորները: «Կամավորական շարժում է, որը տեսչական մարմնի հետ այնքանով է կապված, որ իրենք մեր անցյալ տարվա ահազանգից հետո արագիլին այդտեղից վերցրել, տարել էին Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոն, այնտեղ հաստատել էին, որ յուղ է վրան եւ դրանով հարցը փակվեց։ Հետո կամավորները համախմբվեցին Կարեն Աղաբաբյանի շուրջ եւ մեկնեցին, օգնեցին կենդանիներին եւ շարունակում են դա անել։ Բայց խնդիրը բաց է»,- հավելեց նա։ Բնապահպանը նաեւ անդրադարձավ արագիլների բների խնդրի. «Բազմաթիվ նամակներ, ահազանգներ ենք ստանում՝ այստեղ բույն վառվեց, որովհետեւ լարերը հալված, կպած է սյուներին։ Չկա որեւէ կազմակերպություն, որ հստակ ֆինանսական հնարավորություններ ունենա եւ զբաղվի այդ խնդրով։ Ոչ մեկ չի կարող անսպառ կամավորական ջոկատներ կազմակերպել եւ գնալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր