Երեկ ֆեյսբուքյան իմ էջում հրապարակել էի լուսանկար, կից կատարելով գրառում այն մասին, որ նախկին իշխանությունների կողմից սիրված օլիգարխ Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակին պատկանող սպասարկման կենտրոններից մեկում՝ SAS- food-ում հակահամաճարակային կանոնները չեն պահպանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը «կատաղի» պայքար է մղում կորոնավիրուսի դեմն առնելու համար, այդ ճանապարհին մշակելով համակահաճարակային կանոններ, դրանք պարտադիր դարձնելով ոչ միայն ՀՀ հպարտ քաղաքացիների համար, այլ նաեւ տնտեսվարողների, գրառմանը արձագանքելու, խնդիրը ճիշտ ժամանակին լուծելու ակնկալիքով նշել էինք նաեւ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանին։ Վերջինս արձագանքելով գրառմանը, հայտնել էր, որ վաղը տեսուչ կգնա տվյալ հասցեով։ Այսօր արդեն Անուշ Հարությունյանը տեղեկացնում է, որ SAS food-ում հակահամաճարակային կանոնները պահպանվում են։ «Կարծում եմ քո հրապարակած նկարում «բռնացրել» էիր այն պահը, երբ ալկոգելի տարան հանել էին փոխելու կամ նորից լցնելու համար: Բայց իրենք պարտավոր են տեղում դա անել, այնպես որ, ապրես տեղեկացնելու համար, թերացումը շտկված է: ՍԱՏՄ-ի համար արտոնյալներ չկան»,- գրել էր Հարությունյանը։
Ի գիտություն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պաշտոնի նշանակված եւ թավշյա հեղափոխությամբ առաջընթաց գրանցած ՍԱՏՄ ղեկավարի՝ մենք՝ լրագրողներս, պահեր չենք «բռնացնում», այլ արձանագրում ենք կատարվածը, ինչը և երեկ կատարել էինք։ Բացի այդ, ՍԱՍ-ի Արտակը, ով նախկինում ներկա իշխանության ներկայացուցիչներից շատերի կողմից սուր քննադատությունների էր ենթարկվում, համարվում էր օլիգարխ ու ընտրակեղծարար (օրինակ, ուսուցիչների մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը), այսօր հանգիստ վայելում է իր կյանքը, բավականին խելացի է, որպեսզի խախտումները արագ շտկի, քանի դեռ ՍԱՏՄ-ի տեսուչները տեղերը հանգիստ նստած են։ Բնականաբար, Արտակ Սարգսյանը բավականաչափ ժամանակ ուներ առկա թերությունները շտկելու համար, և չէր սպասի ՍԱՏՄ տեսուչների «անակնկալ» այցերին։
ՍԱՍ-ի Արտակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արտոնյալ է։ Անշուշտ մարդը փող է աշխատում, աշխատած փողից բաժին հանում իշխանական հիմնադրամներին։
Հաստատ սիրուն չի լինի, և բնականաբար չի տեղավորվի մերօրյա իշխանությունների հռչակած սիրո և հանդուրժողականության հեղափոխության բանաձևում։Բացի այդ, Արտակ Սարգսյանը փոքր ու միջին ձեռնարկատեր չէ, ոչ էլ անշուշտ «բուդկի» սեփականատեր, որտեղ հակամահաճարակային կանոնները պահպանելու կանոնները պետք է խստագույնս պահպանվեն, հակառակ դեպքում խիստ պարետի ավելի խիստ հանձնարարականով «պլոմբ» կդրվի։ Գլխից է պետք բռնել՝ մեծերի։ Ժամանակին այս խորհուրդն էր տվել Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին։ Գոնե ՍԱՏՄ-ն սա լավ պետք է իմանար։
Օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլորը։ Այս թեզը լավագույն էին կիրառում նախկին ընդդիմադիրները, բայց՝ փողոցում։
Առողջ եղեք։
Փայլակ Ֆահրադյան