00:00:00

Եղեգնաձորի ավագ դպրոցը 20 տարի ղեկավարած տնօրենը պաշտոնը ցանկանում է փոխանցել ՀՀԿ երիտթևում աշխատած դստերը

14:56, 22 հուլիս 2020

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի ավագ դպրոցը մեկ տարի է տնօրեն չունի։ Մեկ տարի է դպրոցի տնօրենի պարտականությունները կատարում է ուսմասվարը։ Նախկին տնօրենը թոշակի է անցել, նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բայց նոր տնօրենի համար նախատեսված մրցույթը չի կայանում։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնին հավակնում է դպրոցը 20 տարի ղեկավարած և թոշակի անցած արդեն նախկին տնօրենի դուստրը՝ Հասմիկ Մարգարյանը։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դպրոցի կառավարման խորհրդի անդամ Աշխեն Մարգարյանը։ Վերջինիս զայրացրել էր լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին, թե կառավարման խորհիդի երկու անդամ բացարձակապես նիստերին չեն մասնակցում, պատճառով, որ մեկը տորթ թխող է, մյուսն էլ՝ տրակտորիստ։ Աշխեն Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որտեղ է գրված, որ տորթ թխողը իրավունք չունի խորհրդի անդամ լինելու։ «Ես ունեցել եմ դժվար կյանք, իմ քրտինքով, իմ ձեռքերի աշխատանքով, հաշմանդամության սայլակին նստած աշխատել եմ, ապրել եմ, արարարել եմ, ստեղծել եմ։ Նեցուկ եմ եղել զինվորին ունեմ 15 շնորհակալագիր եւ դրանք իմ աշխատանքի արդյունքն են եղել։ Հաշմանդամների միության մարզային կառույցի պատասխանատուն եմ եղել, սատար եմ կանգնել մարզում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց»,- պատմեց Աշխեն Մարգարյանը։ Նա նշեց, որ Հասմիկ Մարգարյանը տարիներ շարունակ եղել է ՀՀԿ մարզային կառույցի երիտասարդական թևի պատասխանատուն։ Աշխատանքի բերում շփում ունեցել են, եւ ներկայումս տնօրենի պաշտոնին հավակնող Մարգարյանը բավականին կոպիտ վերաբերմունք է ցույց տվել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ «Ես ինքս չեմ ուզում իրեն տեսնել ավագ դպրոցի տնօրեն»,- ասաց խորհրդի անդամը։ Ուշագրավն այն է, որ նախկին տնօրենը ով թոշակի է անցել, շարունակում է կես դրույքով աշխատել դպրոցում, արդեն որպես ուսմասվար։ «Հասմիկը տասը տարի եղել է ՀՀԿ-ի երիտթևում, ոչ մի անգամ դպրոց չի գնացել, իսկ ուսուցիչները տքնաջան աշխատել են եւ ստացել են իրենց աշխատավարձը, իսկ Հասմիկը չի աշխատել և ստացել է աշխատավարձ։ Սա ասում եմ մեջբերելով դպրոցի ուսուցիչների խոսքերը»,-ասաց Աշխեն Մարգարյանը, հարցադրում անելով, ինչի՞ համար էր այս հեղափոխությունը, եթե նույն բարքերը պետք է շարունակվեն։ «Ում համար էր, որ նորից թույլ տանք, որ նրանք փափուկ տեղեր գրավեն»։ Աշխեն Մարգարյանի խոսքով՝ տարիներ շարունակ դպրոցի ղեկավարությունը որեւէ քայլ չի արել ուսումնական հաստատությունը վերանորոգելու համար։ Ըստ նրա՝ ավելին նախկին տնօրենը այն ավիրել է։ Հիմա հրավիրում են կրթության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը Եղեգնաձորի ավագ դպրոցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հույս հայտնելով, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթը իրականում կկայանա, եւ կընտրվի արժանի թեկնածու։ Նշենք, որ տեղեկությունների համաձայն դպրոցի նախկին տնօրենը եղել է ՀՀԿ-ի համար «ձայն բերող» եւ ընտրությունների ժամանակ աշխատել է նախկին իշխանության օգտին, իսկ դուստրը՝ Հասմիկ Մարգարյանը, ՀՀԿ երիտասարդական թեւի այդ ժամանակ ղեկավար Կարեն Ավագյանի «շահառուներից»։ Եղեգնաձորի ավագ դպրոցի ուսուցչական կազմն ու խորհրդի անդամները հույս են հայտնում, որ թավշյա հեղափոխությունը չի շրջանցի նաեւ իրենց համայնքն ու դպրոցը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր