
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր։
«Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք։
Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև՝ ֆիզիկապես։
Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:
Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
Նրանք թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբևէ, և առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ և հաղթական քաղաքացի։
Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են», - ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։