Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը:
Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված հաջող նախաձեռնությունները լավ հիմք են հետագա թվային փոխակերպման համար: Նրա խոսքով՝ Թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպում` պետական համակարգում նորարարական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, տվյալների քաղաքականության զարգացմամբ, համակարգերի փոխգործելիության ապահովմամբ, միասնական ստանդարտների ներդրմամբ, կրթական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև մասնավոր հատվածում թվային գործիքների խթանմամբ:
Արդյունքում ակնկալվում է՝ հանրային ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովում, պետական կառավարման արդյունավետության աճ, ինստիտուցիոնալ թվայնացում, ենթակառուցվածքների զարգացում, տվյալահեն որոշումների կայացում, թվային հմտություններով աշխատուժի զարգացում: Նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. և 2022-2025 թթ.: Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնագիտական ասոցիացիաների հետ, ներկայացված առաջարկները նկատի են առնվել և ընդունվել են ի գիտություն: