00:00:00

Այս տարի Երեւանում կբարեկարգվի 65 բակ, կկառուցեն խաղադաշտեր, կնորոգվի 590 շենքերի մուտքեր. քաղաքապետարան

16:11, 20 հուլիս 2020

Երեւանում քանդվող շինություններն ապօրինի կառույցներ չեն. Քանաքեռ - Զեյթունի բնակիչների սեփական ավտոտնակներն են, որոնց տեղում ամիսներ հետո բարեկարգ բակ կլինի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը: «Բնակիչների հետ համաձայնության գալով` 9 ավտոտնակ է քանդվում, տեղում կկառուցենք խաղահրապարակ, կլինի կանաչ գոտի»,-նշում է Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Վարչական շրջանների այս տարվա ծրագրերով կբարեկարգվի ավելի քան 65 բակ: Կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: «Այս տարի Էրեբունիում կառուցվում է փոքր ֆուտբոլի 2 խաղադաշտ, նաեւ՝ երկու այգի, բակային տարածք», - ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը: Բարեկարգ բակից՝ նորոգված մուտք: Վարչական շրջանների ծրագրերով վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը: Նորոգման ընթացքում հին, կոտրված ապակիներով պատուհանները փոխարինվում են նորերով: 2020 թվականի վարչական շրջանների ծրագրով կնորոգվի 590 մուտք: Վարչական շրջաններում այս օրերին նաեւ ասֆալտապատում է արվում: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բակում ընթացող աշխատանքներին անձամբ են հսկում: «Այս տարվա մեկնարկած ծրագրերից ամենամեծը բակային ասֆալտապատման ծրագիրն է՝ շուրջ 35400 քմ, ինչը 2018 թվականի համեմատ մոտ 5 անգամ ավելի է»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: Նորքում բակային ասֆալտապատումն արդեն ավարտել է: Հիմա երեխաները հանգիստ խաղում, մեծերն էլ անցուդարձ են անում: Նորք-Մարաշ բարձրացող այլընտրանքային 2-րդ ճանապարհի նեղության պատճառով վթարները հաճախակի էին: Այժմ ճանապարհ ավելի քան 1 մետր լայնացվում է: «Սերո Խանզադյան փողոցը կարեւոր նշանակություն ունի մեր բնակիչների համար: Լայնացնելուց հետո տարածքը կասֆալտապատվի»,- նշում է Նորք -Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանը: Արաբկիրում մայթերի կառուցմանն ու նորոգմանը զուգահեռ այս տարի հետիոտների համար կարեւոր մի ծրագիր է մեկնարկել: Ավտոկայանատեղի դարձած 4 փողոցների մայթերը կսահմանազատվեն եւ կծառայեն միայն հետիոտնին: Համայնքային ծրագրերին զուգահեռ մասնավոր հատվածն իր հերթին եւս քաղաքի բարեկարգման անմիջական մասնակիցն է: Ամեն օր Երեւանն արթնանում ու ապրում է քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ավելի քան 1 միլիոն ձայներով: Այդ ձայները լռեցնում է քաղաքի շինարարական աղմուկը. ասֆալտապատում, մայթերի կառուցում, վերանորոգում, որոնք վաղվա Երեւանը կդարձնեն բարեկարգ ու հարմարավետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր