00:00:00

Մինչև թշնամին ծնկի չգա. զինվորի սխրանքն ու վերհառնող համայնքները (տեսանյութ)

14:08, 20 հուլիս 2020

Մոտ 137 կրակոց ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում:Անցած գիշերը հակառակորդը էլի է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բայց իրավիճակը համեմատաբար հանգիստ է որակում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Մասնավորապես, Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ: Իսկ ինչպիսին է ադրբեջանական սադրանքի հետևանքով սահմանին վիրավորված զինծառայողների առողջական վիճակը։ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Անփոփոխ է, ցավոք զինծառայողներից մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Արծրուն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց՝ 3-րդ բանակային կորպուսի ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը՝ խնդրելով իրենց չզորացրել: Այս մասին գրառում արել էր նաեւ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: Տավուշի մարզում մեծ թափով կատարվում են վերականգնողական աշխատանքներ, այս մասին էլ լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։ Այսօրվանից սկսելու են զբաղվել սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտնում է, որ սահմանամերձ Նոյեմբերյանում սկսվել են բազմաբնակարան շենքի տանիքի վերնորոգման աշխատանքները: «Բարեգործներից մեկին խնդիրը ներկայացնելուց հետո երկար ժամանակ չպահնջվեց, շինանյութը ամբողջությամբ տրամադրվեց»: Հայ զինվորի, սպայի ու սահմանամերձ համայնքներում ապրողների միասնականությամբ հայկական գյուղերը ոչ միայն չեն դատարկվելու, այլեւ վերհառնելու են։ Հայ զինվորը մշտապես պատրաստ է թշնամու ցանկացած նախահարձակ սադրանքներին դիմակայելու։ Հայկական գյուղերում հարսանիքներ եղել են ու լինելու են։ Մովսես համայնքում նախօրերին տեղի ունեցած պսակադրությունը ասվածի վառ ապացույցն է։ https://www.facebook.com/irakanum.am/videos/1220142868336025/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր