Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին Բելառուսում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին»,-ընդգծել է Փաշինյանը: