00:00:00

Արցախում մինչեւ 100 աշակերտ ունեցող 180 դպրոցում դասապրոցեսը կսկսվի՝ անկախ համավարակի առկայությունից

21:50, 15 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Հուլիսի 15-ին Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հանդիպում-քննարկում «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ քննարկման կազմակերպումը պայմանավորված է թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ: Թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսել բնականոն հունով, սակայն զուգահեռ մշակվում է նաեւ այլ սցենար, ինչը թույլ կտա համավարակի աճի դեպքում եւս կազմակերպել կանոնավոր դասընթացներ: Նախարարի հավաստիացմամբ՝ առաջարկվող բոլոր սցենարները առաջիկայում քննարկվելու են նաեւ նախադպրոցական եւ հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Լուսինե Ղարախանյանը նաեւ նշել է, որ հեռավար դասընթացի կազմակերպման համար պետական միջոցներով եւ բարերարների աջակցությամբ դպրոցներին կտրամադրվեն համապատասխան նյութատեխնիկական միջոցներ: Անդրադառնալով ուսումնական պրոցեսների կազմակերպմանը՝ նախարարն ընդգծել է, որ մինչեւ 100 աշակերտ ունեցող 180 դպրոցում նախատեսվում է դասապրոցեսի անցկացում՝ անկախ համավարակի առկայությունից, քանի որ այդպիսի դպրոցներում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը: «Ստեփանակերտի դպրոցները երկհերթ են լինելու: Նախատեսվում է դասաժամը դարձնել 35 րոպե»,- նշել է նախարարը: Գալիք ուսումնական տարում մասնագետների բացակայությամբ պայմանավորված՝ գյուղական բնակավայրերում բնագիտական որոշ առարկաներ կուսուցանվեն առցանց եղանակով: Պատգամավորները նախարարին են առաջադրել հարցեր եւ հանդես եկել ելույթներով: Քննարկման ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել նաեւ ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության այլ ներկայացուցիչներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր