00:00:00

Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա

20:46, 05 հունիս 2020

Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան։ Կավասակի համախտանիշ է հաստատվել մեկ երեխայի մոտ»,– գրված է կայքի հարցման պատասխանում։ Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Կավասակի համախտանիշի դեպք է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։ Կավասակիի համախտանիշն առաջին անգամ բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին՝ 1967թ-ին։ Բժշկի անունով կոչված անսովոր համախտանիշը գրանցվում է միայն երեխաների մոտ, մեծ մասամբ՝ մինչեւ 5 տարեկան։ Հիվանդությանը բնորոշ է արյունատար անոթների բորբոքումն ու ախտահարումը, որոնց  հետեւանքով կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջանալ։ Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին Կավասակիի համախտանիշ ուներ Ջեթ Տրավոլտան՝ հայտնի հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջոն Տրավոլտայի որդին։ Ջեթի մահը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկու տարեկանում Տրավոլտա-կրտսերի մոտ Կավասակիի համախտանիշ էին ախտորոշել։ 2009 թ-ին 16-ամյա պատանին լոգարանում կորցրեց գիտակցությունը, ընկավ եւ վնասվածք ստացավ, որն էլ նրա մահվան պատճառ դարձավ։ Ենթադրվում է, որ Ջեթը կորցրել է գիտակցությունը էպիլեպտիկ նոպայի պատճառով, որը հանդիպում է Կավասակիի համախտանիշով տառապող մարդկանց հետ։ Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Կավասակիի համախտանիշի վիճակագրությունը համեմատաբար ցածր էր։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ համախտանիշն առավել հաճախ հանդիպում էր ասիական երկրներում․ օրինակ՝ Ճապոնիայում տարեկան 26 հազար դեպք էր գրանցվում, ԱՄՆ-ում հիվանդությունը 4200 երեխայի էր ախտահարում։ Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաեւ Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, եւ հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր