Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ դիմակների վերաբերյալ, իր խոսքով, տարածվող ապատեղեկատվությանը։
«Վերջին օրերին հատկապես շատ է տարածվում միջազգային մամուլում մարտի 31-ին տեղ գտած տեղեկատվությունը, որ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը այն ժամանակ հորդորել է դիմակ կրել հիվանդներին և հիվանդ խնամողներին։ Դա եղել է մարտի 31-ին՝ մի պայմաններում, երբ դիմակի համաշխարհային դեֆիցիտ կար։ Եվ ընդհանուր առմամբ սա նաև ցույց է տալիս հետևյալը, որ քանի որ սա նոր տեսակի կորոնավիրուս է, ամբողջ աշխարհում եղել է և ինչ-որ առումով կարող է լինել շփոթ՝ միջոցների արդյունավետության գնահատման վերաբերյալ։ Սա այն պարագան է, երբ մենք բոլորս իրար հետ սովորում ենք համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ Եվ այդ շփոթը, որ գուցե ՀՀ քաղաքացիները նկատել են մեր երկրում, առկա է ամբողջ աշխարհում», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք համոզված են՝ կառավարության առաջարկած կանոնները պահպանելու դեպքում կորոնավիրրուսի համաճարակի տեմպերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի։