Հայաստանի Հանրապետությունը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռեւս 2004թ. փետրվարից, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր:
2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների եւ բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:
Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության ներքո գործող ՄԱԱՈՒ (ISAF, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) հյուսիսային հրամանատարության կազմում: