COVID-19-ի հաղթարշավը բացասական իմաստով շարունակվում է ամբողջ աշխարհում։ Որոշ երկրներում կարողացել են որոշ հաջողություններ արձանագրել, որոշները ձախողել են, բայց վիրուսն անցնում է իր ճանապարհը և աստիճանաբար նահանջում՝ պատրաստվելով նոր այցի։
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մտահոգիչ է, սակայն խուճապի պատճառ չէ։
1․ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում մարտի սկզբից մինչև ապրիլի վերջ տեղի ունեցան բռնկումներ, ապա սկսեցին կայունանալ։ Նշված երկրներն ունեցան միջինը 14% մահացության ցուցանիշներ, սակայն ներկա թվերը ցույց են տալիս, որ այնտեղ օրական վարակվածությունն աճում է 1%-ով, իսկ առողջացումը՝ 2-3%-ով, ինչը նկատելի դրական ցուցանիշ է։
2․ ԱՄՆ-ում մահացությունը շատ չէ՝ 5,85%, իսկ վերջին օրերին այնտեղ սկսվել է նաև վարակվածության ցուցանիշների անկում՝ 1% օրական աճ, իսկ առողջացածների թիվն աճում է 2%-ով։
3․ Ռուսաստանում մինչև մայիսի 25-ը մեծ թվով աճում էր վարակվածների քանակը, սակայն հաջորդ օրերից սկսվեցին թվերի նվազումներ։ Մահացության ցուցանիշն այնտեղ շատ չէ՝ մոտ 1․1%, իսկ վարակվածության (3%) և առողջացածների (7%) տոկոսային հարաբերակցությունը բավական մեծ է՝ հօգուտ առողջացածների:
4. Ուկրաինայում մի փոքր մեծ է մահացության ցուցանիշը՝ 2,99%, բայց այնտեղ հաջողությամբ պայքարում են վարակվածության դեմ հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ՝ վարակվածության օրական 3% և առողջացածների օրական 6% աճ, ստացվում է՝ այնտեղ օրական կիսով չափ նվազում է վարակվածների թիվը։
5․ Հայաստանի ցուցանիշներին հարևանող Նորվեգիայում և Չեխիայում ևս վերջին օրերին սկսվել է կայունացում, թեև այնտեղ մահացությունը 2,81%-3.49% է։
6․ Հայաստանի պարագայում մենք դեռևս բացասական ուղղությամբ ենք գնում, ինչը կապված է մայիսի 4-ից սահմանափակումների թուլացման հետ։ Մեր երկրում այժմ վարակվածությունը ավելանում է օրական 6%-ով, իսկ առողջացածների թիվը՝ 1%-ով։ Մահացության մակարդակը բավական ցածր է՝ 1,38%, ինչը համարվում է հաջողված ցուցանիշ, եթե համեմատենք Ֆրանսիայի 15%-ի, Իտալիայի 14%-ի, Իսպանիայի 10%-ի հետ։
Նշված բոլոր երկրներում վիճակագրությունը ցույց է տվել, որ այնտեղ բռնկումը սկզբում եղել է դանդաղ, ապա արագացել է սահմանափակումների թուլացմանը զուգընթաց և հասել պիկին 1-1,5 ամսվա ընթացքում, հետո սկսել է նվազել։
Հայաստանում իրականում ոչ թե կա 8200, այլ 4800 հիվանդ, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների՝ 3200-ից ավելի մարդ առողջացել և տուն է գնացել։
Նաիրի Հոխիկյան