00:00:00

ԱԳՆ հայտարարությունը Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ

14:54, 28 մայիս 2020

Մայիսի 28-ին Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի և Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։ Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարևորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը և մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։ Երկրորդը` ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին Հանրապետությունը ձևավորվեց  առաջին աշխարհամարտի օրերին և իր կարևոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։ Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց և, ի վերջո, մաս կազմեց  աշխարհամարտի արդյունքները ձևակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։ Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը նաև Արցախում և Արցախի կարգավիճակի խնդիրը ձևակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։ Թեև չունենալով երկար կյանք` առաջին Հանրապետությունը հիմք դրեց ներքին և արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաև ձևավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։ Մայիսի 28-ը, միավորելով  ազգային ազատագրական և պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության և ողջ հայ ժողովրդի առջև կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության և անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։ Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի և Հանրապետության տոնի առթիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր