«Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործը ուղարկվել է ազգային անվտանգության ծառայություն եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ այն կարժանանա պատշաճ քննության։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։
««Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը ձեր մտերիմն է, քավորը, հետեւաբար, կարծում եմ՝ դուք ուշադրության կարժանացնեիք այս հարցը։
Կա՞ հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե՞ ոչ»- հարցրել էր պատգամավորը վարչապետին։
Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել էր, որ գործը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին պետական վերահսկողական ծառայությունը, ապա անդրադարձել պատգամավորի մատնանշած՝ ազգակցական կապի փաստին։
«Հայաստանը փոքր երկիր է, եթե շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն եւ ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն։ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն։ Ընդհանրապես՝ ժամանակակից գիտությունը մի հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրոդր մարդու միջոցով ծանոթ է։ Եթե ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, սխալ պատկերացում ունեք իշխանության մասին։ Իրավունք ունեք կասկածելու, յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանակում պիտի պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայոմ կենթարկվի քրեական պատասխանատվության եւ ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- նշեց նա։
Պատգամավորը նաեւ հարց ուղղեց Իջանի ճանապարհների շահագործման եւ շինարարական ՓԲԸ ընկերության վերաբերյալ, որը չարաշահումներ է թույլ տվել՝ նշելով, որ ընկերությունը եւս կապված է Ղալումյանների ընտանիքի հետ։
«Առաջին անգամ եմ լսում, որ էդտեղ ներգրավված որեւէ անձ կապ ունի իմ ընկերոջ հետ եւ ուրախ եմ, որ առաջին անգամ եմ լսում, դա արտահայտում է էությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեր սզբունքների եւ այդ դեպքը բացահայտել է պետական վերահսկողական ծառայությունը, այդ դեպքը բացահայտել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- պատասխանեց վարչապետը։