00:00:00

«Եթե Բուքիքիոն կաշառակեր է, ինչո՞ւ եք դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ ՍԴ վեճը լուծելու համար». Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին

14:05, 27 մայիս 2020

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցրեց, թե նա ամիսներ առաջ ինչ մեղադրանքներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: «Պարոն Հովակիմյան, Դուք փետրվարին հայտարարել էինք, որ 2009  թվականին Բուքիքիոն Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Մեջբերում եմ Ձեր խոսքերը.«Այդ հատուկ շքանշանը, որը տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրա եղած ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ այդ նույն պաշտոնյան նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել»: Պարոն Հովակիմյան, հիմա ուզում եմ հասկանալ՝  արդյո՞ք Ձեր հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցվել է, քանի որ հայտարարություն եք տվել հանցագործության մասին: Հետո, եթե Բուքիքիոն կաշառակեր պաշտոնյա էր, ինչո՞ւ եք դիմել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի օգնի Սահմանադրական դատարանի վեճը հանգուցալուծելու համար»,- նշեց Անի Սամսոնյանը: Լսելով հարցը, Վահագն Հովակիմյանն Անի Սամսոնյանին հորդորեց տեքստը նորից ընթերցել և անտեղ գտնել կաշառք բառը: «Իհարկե, Ձեր ընկալմամբ, ես հասկացել եմ, թե ինչպես եք հասկացել տեքստը: Ձեր ընկալումը տեքստի իրավական ընկալման հիմք չի կարող լինել, հասկանում եք, Դուք ինչպես տեքստն ընկալում եք, դա չի կարող որևէ իրավապահի կամ, ասենք, ինձ համար հիմք լինել ինչ-որ գործողություն անելու: Այսինքն՝ պետք չէ ինձ վերագրել մի բան, որը ես չեմ ասել: Համոզված եղեք, ես իմ ամեն մի բառի համար պատասխան եմ տալու, երբեք չեմ ասի բառ, որի պատասխանը չեմ կարող տալ»,- նշեց Վահագն Հովակիմյանը: Լսելով արձագանքը՝ Անի Սամսոնյանը Վ. Հովակիմյանին հիշեցրեց, որ, եթե տեղյակ չէ, որ թանկարժեք նվերը պաշտոնյայից պաշտոնյային փոխանցելը կոռուպցիա է, ապա կարող է կարդալ և հասկանալ, թե դա ինչ է նշանակում: «Դուք շատ պարզ ասել եք, որ Սերժ Սարգսյանը Բուքիքիոյին տվել է թանկարժեք նվեր, և վերջինս չէր կարող լինել անաչառ ու օբյեկտիվ, որովհետև նա եղել է կաշառված հանձնաժողովի նախագահ: Եթե սխալվել եք, հիմա հնարավորություն ունեք ասելու, որ ստել եք, զրպարտել եք, հնարավորություն ունեք ԱԺ ամբիոնից ներողություն խնդրելու Վենետիկի հանձնաժողովի նախագահից»,- ասաց Անի Սամսոնյանը: Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ներողություն է խնդրում հանրությունից, որ Անի Սամսոնյանն ուղղակի կարդալով տեքստը՝ այն յուրովի է ընկալում և փորձում է այդ յուրովի ընկալումը վերագրել իրեն և անվանել ստախոս: «Ես մեր հանրությունից եմ ներողություն խնդրում, որ Դուք լինելով ԱԺ պատգամավոր՝ էդպես եք անում: Ավելին կասեմ՝ կյանքս կտամ, որ Դուք մնաք էդպիսին, որ հստակ գրված տեքստը խեղաթյուրելու Ձեր իրավունքից օգտվեք, դա Ձեր իրավունքն է»,- եզրափակեց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր