00:00:00

«Ոչ, հարգելի դատարան». փոխնախարարն այսպես դիմեց Նիկոլ Փաշինյանին

12:35, 27 մայիս 2020

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Փոխնախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում է նախատեսել, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի դատական կամ վարչական կսրգով վիճարկման դեպքում վարչական ակտի կատարումը չի կասեցվում։ «Մեր ռազմավարական ուղղություններից է օրենսդրությամբ մաքրել բոլոր այն հնարավոր միջանցքները, որոնք հնարավորություն են տալիս որոշակի իրավունքի չարաշահման դեպքերով ծանրաբեռնել դատական համակարգը», - ասաց Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագիծը երկար ու տխուր պատմություն ունի։ «Հայաստանում պրակտիկա կա, երբ մարդկանց սահմանափակելու հայտնի մեխանիզմները դադարել են գործել ու հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ ուղղակի ինչ֊որ մեկը, ընդհուպ անցորդ, շատ չափազանցրի հա՞, ուղղակի վարչական դատարան է դիմում ու այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այս պահի դրությամբ մոտավորապես 450 միլիոն դոլարի կանգնած շինարարություն ունենք», - ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հիմա էլ դատարանը հնարավորություն ունի շինարարությունը կասեցնելու, բայց ոչ թե ինքնաբերաբար, այլ ամեն առանձին դեպքով միջնորդություն ներկայացնեն ու եթե դա հիմնավոր է, տեղի է ունենում կասեցման որոշում։ Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ «եթե մարդու շինարարությունը հինգ տարի կանգնեցրել են, հետո դատարանը որոշում է, որ սխալ են արել, այդ մարդու վնասները ո՞վ է փոխհատուցում, կա՞ նման պրակտիկա»: «Ոչ, հարգելի դատարան», - շփոթված պատասխանեց փոխնախարարը: «Մասնագիտական ա», - արձագանքեց վարչապետը։ Նախագիծը ընդունվեց միաձայն, ուղարկվեց Ազգային ժողով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր