00:00:00

Եմենում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. «ՌԻԱ Նովոստի»

16:29, 10 ապրիլ 2020 Աշխարհ

Եմենում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Եմենում կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային կոմիտեին: «Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքն է գրանցվել Խադրամաուտ նահանգում (երկրի արևելքում)»,-ասված է կոմիտեի հայտարարությունում: Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն: Այլ մանրամասներ կհաղորդվեն մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող Արաբական կոալիցիան երկշաբաթյա հրադադար է հայտարարել Եմենում, ինչը կապված է երկրում կորոնավիրուսի տարածման հետ: Արաբական կոալիցիայի հաղորդագրությունում հստակեցվում է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ի ժամը 12:00-ից և հետագայում կարող է երկարացվել: Բազմամյա ռազմական գործողությունների հետևանքով Եմենում խարխլվել է բազային բժշկական համակարգը: Փորձագետները վախենում են, որ Եմենում կորոնավիրուսի տարածումը կարող է ողբերգության հանգեցնել: 2015 թվականից երկրում պատերազմ է ընթանում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և այլ արաբական պետությունների կողմից աջակցություն վայելող նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի  զորքերի և Իրանի աջակցությունը վայելող ապստամբ հուսիթների միջև: Հակամարտության ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, մեծ մասը` քաղաքացիական անձինք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր