00:00:00

Լեհաստանի նախագահը կողմ է հանդես եկել փոստի միջոցով ընտրությունների անցկացման գաղափարին

17:15, 09 ապրիլ 2020 Աշխարհ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին կայացած նախագահական ընտրությունները փոստով անցկացնելու գաղափարը հնարավոր լուծումներից մեկն է համարում կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս մասին նա նա հայտարարել է հինգշաբթի օրը «Լեհական ռադիո»-յի եթերում: «Ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 10-ին»,- ասել է Դուդան` շեշտելով, որ այս որոշումը կայացվել է Սեյմի խոսնակի կողմից` Սահմանադրության համաձայն: Ըստ նրա` «առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն է», «բայց կարեւոր է նաեւ սահմանադրական կարգը, իշխանության շարունակականությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով»: «Միակ ճանապարհն ընտրությունների անվտանգ անցկացման համար պայմաններ ստեղծելն է»,- կարծում է պետության ղեկավարը: «Փոստային քվեարկությունը մի բան է, որը կարելի է անել»,- ասել է նա: «Եթե ընտրություններն անցկացվեն փոստով` օրենքի բոլոր դրույթներին համապատասխան, ես կողմ եմ դրան, բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որպեսզի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի»,- ընդգծել է Դուդան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ընտրություններ Լեհաստանում Մայիսի 10-ին Լեհաստանում պետք է կայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Եթե թեկնածուներից եւ ոչ մեկը չստանա ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա մայիսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ` առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների մասնակցությամբ: Կորոնավիրուսի տարածման պատճառով նախընտրական քարոզարշավն արդեն մի քանի շաբաթ է սառեցվել է: Քաղաքական գործիչների մեծ մասը եւ, ըստ հարցումների, Լեհաստանի բնակիչների ավելի քան 70 տոկոսը նման պայմաններում անհրաժեշտ են համարում հետաձգել իրենց կամքի արտահայտման իրավունքն ավելի ուշ ժամկետի: Լեհաստանի «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցությունը եւ կառավարությունը պնդում են, որ ընտրությունները հետաձգելու պատճառ չկա: Ըստ սահմանադրության` քվեարկությունը կարող է հետաձգվել միայն այն դեպքում, եթե երկրում արտակարգ դրություն է մտցվել: Չնայած համաճարակին` իշխանությունները դա անհրաժեշտ չեն համարում: Երկուշաբթի Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը (Սեյմ) ընդունել էր «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցության նախագիծը` հեռավար քվեարկության վերաբերյալ: Դրա հեղինակները հայտարարել են, որ փոստային քվեարկությունը անհրաժեշտ միջոց է` երկրում COVID-19 համաճարակի ժամանակ ընտրողներին պաշտպանելու համար: Շատ քաղաքական գործիչներ, կեղծիքների հետ կապված մտավախություններ ունեցող ընդդիմությունը, փորձագետներն ու փոստատարների արհմիությունը դեմ են հանդես եկել հանրապետության ողջ տարածքով այդպիսի ձեւաչափով ընտրությունների անցկացմանը: Այժմ նոր օրենքն ուղարկվել է Սենատ (խորհրդարանի վերին պալատ)` քննարկման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր