00:00:00

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից լուսնի պաշարներն օգտագործելու իրավունքի մասին

17:00, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որը ամերիկացիներին իրավունք է տալիս օգտագործել տիեզերական պաշարները: Ինչպես հայտնում է տիեզերական ոլորտի վերաբերյալ նորությունների դաշտում մասնագիտացած Space.com կայքը, վերջին մեկ տարվա ընթացքում մշակվող հրամանագիրը սահմանում է ԱՄՆ-ի քաղաքականությունն այս ոլորտում եւ ընդգծում է, որ Վաշինգտոնը տիեզերքում գտնվող պաշարները «հանընդհանուր սեփականություն» չի համարում: «Ամերիկացիները պետք է իրավունք ունենան հեռավոր տիեզերքում համապատասխան կոմերցիոն հետազոտությունների անցկացման, ռեսուրսների արդյունահանման եւ օգտագորման համար` համապատասխան օրենսդրության համաձայն: Տիեզերքը` օրենսդրորեն եւ ֆիզիկապես, մարդկային գործունեության յուրօրինակ տիրույթ է, եւ Միացյալ Նահանգներն այն համընդհանուր տիրույթ չեն համարում»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը: Նշվում է, որ ամերիկացիները հարկ չեն համարում իրավաբանորեն պարտավորեցնող որեւէ լրացուցիչ միջազգային պայմանագիր կնքել` տիեզերական ռեսուրսների ուսումնասիրման եւ արդյունահանման համար: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը մտադիր է միջազգային աջակցության հասնել իր գործողությունների համար: Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրի համաձայն` Պետդեպարտամենտը եւ այլ նախարարություններ եւ գերատեսչություններ պետք է բանակցեն գործընկերների հետ` մասնավոր եւ պետական ընկերությունների կողմից Լուսնի եւ այլ տիեզերական մարմինների վրա ռեսուրսների օգտագործման, մշակման եւ արդյունահանման վերաբերյալ երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար: Վեց ամսվա ընթացքում պետքարտուղարը պետք է զեկուցի կատարված աշխատանքների մասին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները չեն ստորագրել Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության վերաբերյալ 1979 թվականի համաձայնագիրը: Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է 20 երկրների կողմից, Երկրի արբանյակի հանքանյութերի` ոչ գիտական նպատակներով օգտագործման կարգի միջազգային կարգավորում է նախատեսում: Իսկ 2015-ին ԱՄՆ Կոնգրեսը միակողմանիորեն օրենք ընդունեց, որմ ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս  տիեզերական ռեսուրսների, այդ թվում նաեւ ջրի եւ հանքանյութերի, կոմերցիոն արդյունահանում իրականացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր