32-ամյա Դավիթը շաբաթներ առաջ հայր է դարձել, բայց առաջնեկ դստերը մինչեւ այսօր տեսնել չի կարողացել, գրում է News.am-ը։ Դստեր ծնվելու նախորդ օրը՝ մարտի 17-ին, Մասիսի հիվանդանոցում սկսվել էր նրա ամենաերկար հերթապահությունը։ Պանդեմիայի առաջնագծից վտանգը տուն տանելու մտավախությունից հենց այդ օրը, երբ մարզում վարակի բռնկում սկսեց, «Շտապօգնության» մի քանի բժիշկներով որոշեցին տուն չգնալ եւ անցնել գրեթե շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։
«Միայն մի քանի ընկերներով ենք զբաղվել կորոնավիրուսի դեպքերով։ Գաղափարն այն էր, որ բժիշկների միայն մի մասը լիներ ռիսկային գոտում։ Որոշեցինք մնալ հիվանդանոցում, որպեսզի չվարակենք մյուսներին, ընտանիքի անդամներին։ Մեզանից երկուսը մեկուսացած, առանձին սենյակում էին նստում, ստուգում հիվանդներին, մենք էլ գնում էինք կանչերի, եթե կարիք կար, տանում էինք Նորքի ինֆեկցիոն։ Կազմել էինք մեր սեփական փոքրիկ շտաբը, այն մարդիկ, որոնք առնչություն էին ունեցել դեպքերի հետ, կամ ունեին գանգատ, մեր մյուս աշխատակիցները տվյալներ էին վերցնում, զանգում, ճշտում էին, կոնկրետ հասցեներով էլ ես էի գնում»,- հիշում է Դավիթը։
Ճգնաժամային պայմաններում բժշկի առաքելությունը երկար ժամանակ իրականացնել Դավիթը չկարողացավ. վեց օր անց նրա մոտ ի հայտ եկան վիրուսի առաջին ախտանշանները՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ջերմություն։ Այս անգամ «Շտապօգնության» մեքենան արդեն որպես պացիենտի Դավիթին տարավ «Նորքի» ինֆեկցիոն, որտեղ էլ թեստի դրական պատասխանով ընդհատվեց նրա ամենաերկար հերթափոխը։ Բայց մասնագիտական պարտքը կատարելու տարբերակ Դավիթն այստեղ էլ գտավ։ Երբ երկրորդ օրվանից նրա մոտ հիվանդության ախտանիշները վերացան, խնդրեց իրեն տեղափոխել Օրթոպեդիայի ինստիտուտ, որտեղ արդեն 10 օր է՝ հաղթահարում է վիրուսը այն հիվանդների հետ, որոնց ինքն անձամբ էր աշխատանքի օրերին ինֆեկցիոն կենտրոն տեղափոխել։