«Մերձավոր Արևելքում նոր իրողությունը իրական ռիսկեր է ստեղծում ողջ կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և տնտեսական զարգացման համար: Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. գործընթաց, որը պետք է մտահոգի մեզ բոլորիս, ովքեր հոգ են տանում խաղաղության, արդարության և ինքնության մասին», - այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի «Միջազգային իրավունքի հարգման, խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում» թեմայով քննարկմանժամանակ:
Ստորև ներկայացվում է Արմեն Գևորգյանի ելութն ամբողջությամբ:
«Հունվարին այս դահլիճում լսում էինք Իրանի դեմ խիստ միջոցներ ձեռնարկելու որոշ կոչեր: Այս տրամաբանությունը կիրառվեց մեր ընդհանուր քաղաքական կամքից անկախ: Հակամարտությունը չի ավարտվել, բայց մենք բոլորս արդեն գործ ունենք դրա հակասական արդյունքների հետ: Ուժի կիրառումը չի լուծել խնդիրը: Այն դարձել է ավելի լայն, ավելի խորը և ավելի վտանգավոր, և Իրանը վերածվել է «պողպատե ոզնու»՝ պետության, որը դիմակայության գինը դարձնում է անհավանական բարձր:
Մերձավոր Արևելքում անկայունությունն ավելի է ազդում Եվրոպայի վրա՝ ոչ միայն էներգետիկ առումով: Այն վերաձևավորում է առաջնահերթությունները, սահմանափակում է միաժամանակ բազմաթիվ ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և փորձության ենթարկում ժողովրդավարական արժեքներն ու միասնությունը: Իրանի դեմ ռազմական գործողությունը նպատակ ուներ վերացնել սպառնալիքը, բայց փոխարենը այն հանգեցրել է աշխարհում միջուկային զսպման նկատմամբ հետաքրքրության աճի: Ավելի շատ երկրներ են գալիս մի պարզ եզրակացության՝ ովքեր ունեն նման կարողություններ, շատ ավելի քիչ են թիրախավորվելու:
Նպատակը Իրանին մեկուսացնելն էր, բայց փոխարենը տեսնում ենք Իսրայելի շուրջ լարվածության աճ: Պատերազմը մարտահրավեր է դարձել ամբողջ տարածաշրջանի համար և ցույց տվել, թե իրականում որքան փխրուն են արաբական պետություններում անվտանգության և բարգավաճման առկա մոդելները:
Մերձավոր Արևելքում նոր իրողությունը իրական ռիսկեր է ստեղծում ողջ կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և տնտեսական զարգացման համար: Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար,գործընթաց, որը պետք է մտահոգի մեզ բոլորիս, ովքեր հոգ են տանում խաղաղության, արդարության և ինքնության մասին: Եվ վերջապես, չլուծված հակամարտությունը դեռևս հսկայական ներուժ ունի տարածաշրջանն ավելի մեծ մասշտաբով փլուզելու և համաշխարհային կայունությունը ոչնչացնելու համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Հատկապես Եվրոպայում, որը լուրջ անվտանգության մարտահրավերների է բախվում, պետք է պարզ լինի, որ ուժը կարող է փոխել իրականությունը: Սակայն միշտ չէ, որ այն արդար կամ ընդունելի է դառնում բոլորի համար: Ահա թե ինչու մեր այսօրվա խնդիրը պարզապես խաղաղություն ցանկանալը չէ, այլ 21-րդ դարում պատերազմը որպես քաղաքականության սովորական գործիք դառնալու վտանգավոր միտումը կանխելը:
Արևմտյան աշխարհը չի կարող բոլոր ազգերին մոտենալ նույն ձևով կամ հույսը դնել երկխոսության մեկ մոդելի վրա։ Գոյություն ունեցող քաղաքակրթությունները տարբերակված մոտեցում և փոխըմբռնում են պահանջում ։
Այս իրականությունն անտեսելը մեզ տանում է առճակատման և ձախողված քաղաքականությունների։ Այն առաջ է քաշում հիմնարար մի հարց՝ արդյո՞ք ավելի շատ ռիսկեր ենք ստեղծում, քան լուծում: Որովհետև այսօր խոսքը միայն Իրանի մասին չէ: Խնդիրը վերաբերում է միջազգային անվտանգության համակարգին, որը մենք ձևավորում ենք: Ժամանակն է, որ իմաստությունն ու պատասխանատվությունը վերադառնան միջազգային հարաբերություններ»։