Այսօր տոնում ենք հաղթանակած բանակի օրը, որն իրականացրեց հայ ժողովրդի երազանքը եւ 600 տարի անց ապահովեց հաղթանակ. Մենք առաջին անգամ կարողացել ենք տարածքներ ազատագրել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, այսօր հայոց բանակի մարտունակությունը կանխում է պատերազմը եւ եթե Ադրբեջանը չի փորձում հարձակվել, դա բանակի մարտունակության շնորհիվ է:
«Վերջին ժամանակահատվածում նոր զենքեր են ձեռք բերվել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինչը մեր բանակի մարտունակությունը բարձրացրել է:
Ամենակարեւոր խնդիրն այն է, որ այսօր նույնիսկ շփման գծում զինադադարի խախտման դեպքերը կրճատվել են: Դա ուղղակի կապված է մեր բանակի մարտունակության հետ: Զինադադարից ի վեր մեր բանակը հզորացել է եւ հզորանալու է: Այսօր պետության ամենակարեւոր խնդիրն է ապահովել ռազմաքաղաքական բալանսը»-ասաց նա:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը թերահավատորեն է նայում նոր իշխանությունների քայլերին՝ կապված երկրի պաշտպանության հետ, նա ասաց. «Մենք հստակ տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում բանակի բյուջեն ավելացել է 28 տոկոսով, ձեռք են բերվել լրջագույնս զինատեսակներ, օրինակ հակաօդային պաշտպանության ՏՈՌ համակարգեր, դա հստակ թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ հիմա եւ պատերազմի ընթացքում:
Բանակի հզորությունը կապված է նաեւ ֆինանսավորման հետ, եւ մենք տեսնում ենք, որ այստեղ աճ կա: Բացի դրանից, դուք տեսնում եք, որ փող է հատկացվել, որ մարտական ծառայություն իրականացնող զորամասերում բարելավենք կենցաղային պայմանները: Սպաների աշխատավարձն է բարձրացել»:
Վաղարշակ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ հայոց բանակն այսօր մարտունակ է եւ շարունակում է մարտունակ լինել: