00:00:00

Շախմատի ՀՀ առաջնություն. Կանայք ունեն մեկ, տղամարդիկ՝ երկու առաջատար

04:02, 17 հունվար 2020 Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց՝ հաշտություն կնքելով Արամ Հակոբյանի հետ: Նա և գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սկզբունքային խաղում հաղթեց գործող չեմպիոն Արման Փաշիկյանին, վաստակել են 3,5-ական միավոր և այժմ բաժանում են 1-2-րդ տեղերը: Առաջնության երկու առաջատարներին միանգամից հաջորդում են վեց շախմատիստ, որոնք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր: Նրանցից այսօր հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը, իսկ Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Արման Փաշիկյանը պարտվեց: Վաղը նախատեսված 6-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով կհանդիպի աստիճանաբար թափ հավաքող Հայկ Մարտիրոսյանի հետ: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կհանդիպի 2 միավորով նախավերջին տեղում ընթացող Արման Միքայելյանի հետ: Սկզբունքային նշանակություն ունեն նաև Արամ Հակոբյան – Զավեն Անդրիասյան և Արման Փաշիկյան – Մամիկոն Ղարիբյան հանդիպումները: Կանանց առաջնությունում 5-րդ տուրի հետո աղյուսակը սկսեց գլխավորել գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, որը ընթացիկ խաղում հաղթեց իր անմիջական մրցակից Նարե Առաքելյանին և վաստակեց 4 միավոր: Իսկ ահա նրա հետ համաքայլ ընթացող Սուսաննա Գաբոյանն ու Աննա Խաչատրյանն իրար հետ ոչ-ոքի խաղացին և ետ մնացին կեսական միավորով: Այս տուրում հաղթանակներ տարան նաև Մարիամ Ավետիսյանը, Մարիա Կուրսովան, Աստղիկ Հակոբյանը, որոնք բարելավեցին իրենց մրցաշարային գործերը և միացան մեդալների համար պայքարին: Հունվարի 17-ին կայանալիք 6-րդ տուրում Մարիա Գևորգյանը կհանդիպի Սիրանուշ Ղարիբյանի հետ, որն այսօր պարտվեց Մարիա Կուրսովային և մնաց 2,5 միավորով: Սուսաննա Գաբոյանն ու Աննա Խաչատրյանը կխաղան մրցաշարի ետնապահների՝ համապատասխանաբար Թերեզա Ամբարջյանի և Վերոնիկա Խաչատրյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր