00:00:00

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ամանորյա ուղերձը

14:08, 29 դեկտեմբեր 2019 Հասարակություն

Սիրելի զինակիցներ, Հարգելի հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ամանորի գիշերը հեռու են գտնվելու իրենց ընտանիքներից: Շնորհավորում եմ մեր նահատակված զինակիցների բոլոր հարազատներին: Մաղթում եմ տոկունություն և անսպառ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում: 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը` ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը: Ամփոփելով 2019 թվականը` կարող ենք վստահորեն արձանագրել, որ տարին առանձնացել է լարված ու տքնաջան մարտական պատրաստությամբ: Զինծառայողների մարտական վարպետության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել են նոր մոտեցումներ, որոնց արդյունավետությունը ապացուցվել է և՛ զորավարժությունների, և՛ մարտական հերթապահության ընթացքում: Շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նորացումն ու արդիականացումը: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հայրենական ռազմական արդյունաբերությունը: Ռազմաարդյունաբերական համալիրի մշակած նմուշները փորձարկվել են մարտականին առավելագույն մոտ պայմաններում` ցուցաբերելով բարձր արդյունքներ: Լուրջ աշխատանք է կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Իրականացվել է մեծածավալ շինարարության: Բանակային ենթակառուցվածքի նորակառույց տարրերը էապես բարելավել են ծառայության պայմանները` զինծառայողներին հնարավորություն տալով կենտրոնանալ բացառապես ծառայողական խնդիրների կատարման վրա: Ամրապնդվել են օրինականությունն ու կարգուկանոնը, զգալիորեն նվազել արտակարգ պատահարները: Սիրելի հայրենակիցներ Հաջողությունները շատ են, սակայն շատ են նաև առաջիկա տարվա համար նախատեսված անելիքները: Բանակային բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքների առաջնահերթությունը շարունակվելու է մնալ նույնը` ապահովել հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանությունը: 2020 թվականին ևս կարևորվելու են գիտելիքն ու նոր տեխնոլոգիաները, որոնց զուգակցումը նոր որակ է հաղորդելու բանակի մարտունակությանը, ինչն իր հերթին երաշխավորելու է առաջադրված բոլոր խնդիրների կատարումը: Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը: Արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ու արդյունավետ ծառայությունն ապահովելու համար: Վստահ եմ, որ 2020 թվականը լինելու է նոր նվաճումների, նոր հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր