Նախկին իշխանություններին չսիրող և ամեն հարմար առիթի քննադատող իշխանական պատգամավոր Տիգրան Կարապետյանին պատկանող «Գորիսի Գամմա» ընկերությունում շարունակում են փայփայանքով պահել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։
Ընկերության պաշտոնական կայքի՝ gorisgamma.am «Մեր մասին» բաժնում զետեղված է տեղեկատվություն ընկերության գործունեության մասին, ինչպես նաև երկու լուսանկար՝ մեկը Կարապետյանի հոր՝ Գոռ Կարապետյանի և Սերժ Սարգսյանի լուսանկարն է, մյուսը Սերժ Սարգսյանից ստացած պատվոգրի լուսանկարը։
Տիգրան Կարապետյանն ինքն էլ բավական մտերիմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Հարաբերություններն այնքնան ջերմ են եղել, որ Գորիս այցելելիս Սերժ Սարգսյանը այցելում էր նաև Կարապետայնի գործարան։ Դժվար է պատկերացնել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեր և այդպիսով գովազդեր ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի բիզնեսը։
Կարապետյանը փորձել է նաև դառնալ Գորիսի քաղաքապետ, 2014 թվականին։ Ըստ մամուլի այդ տարիների հրապարակումների նա փորձել է քաղաքապետ դառնալ անձամբ Սերժ Սարգսյանի «դաբրոյով»․«Գորիսի հայտնի դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանն այնքան վարկաբեկված է, որ նրա սատարած որևէ թեկնածու հնարավոր չէ հաղթի, ուստի ՀՀԿ-ն պահեստային տարբերակով է առաջ շարժվել, իրական հաղթողը կարող է լինել Տիգրան Կարապետյանը, որովհետև առանց Սերժ Սարգսյանի գիտության «Գորիս գամմա» ԲԲԸ-ի տնօրենը չէր առաջադրվի ՀՀԿ-ի թեկնածուի դեմ»,- ահա այսպես էր ժամանակին «Հրապարակ» օրաթերթը գնահատել Տիգրան կարապետյանի առաջադրումը։
Հետո հայտնի դարձավ, որ Կարապետյանին աջակցում է մեկ այլ թեկնածու Արա Բուդաղյանը, ով անձնական թշնամանք ուներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և իր մասնակցությամբ ցանկանում էր տապալել Խաչատրյանի թեկնածուին։ Բուդաղյանը թեկնածությունը հանել էր` Տիգրան Կարապետյանին սատարելու համար, սակայն, օրեր անց վերջինս նույնպես հրաժարվել էր ընտրապայքարից: Այդ օրերի մամուլի հրապարակումների համաձայն Կարապետյանի ընտրապայքարից դուրս գալը ևս որոշվել է Սերժ Սարգսյանի հետ։
Մենք փորձեցինք տարիներ անց, արդեն իշխանական պատգամավոր Կարապետյանից ճշտել, թե 2014-ին ինչու՞ հանեց իր թեկնածությունը։ Կարապետյանը չցանակցավ խոսել, հայտարարելով, թե ժամանակին ամեն բան ասել է։ Մենք փորձեցինք գտնել Տիգրան Կարապետյանի մեկնաբանությունը, որը նա արել է տարիներ առաջ և ոչինչ չգտանք։ Փոխարենը գտանք «Հրապարակ» օրաթերթի մեկ այլ հոդված, ըստ որի ՀՀԿ-ական այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորյալ Տիգրան Կարապետյանը հանել է իր թեկնածությունը, քանի որ Սուրիկ Խաչատրյանը կարողացել է ճնշել նրանց՝ ՀՀԿ վերնախավի միջոցով։
Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ հենց Սերժ Սարգսյանի միջոցով։ ՀՀԿ-ականները այնքան ժամանակ չեն պահանջել Կարապետյանից հանել թեկնածությունը, քանի դեռ Բուդաղյանն ի աջակցություն իրեն չի հանել թեկնածությունը։ Եվ ստացվում է, որ Կարապետյանի առաջադրման և հրաժարման իրական նպատակը Բուղադյանին ընտրապայքարից դուրս թողնելն էր։
Տիգրան Կարապետյանը նախկինում ՀՀԿ-ական չի եղել, բայց նա ջանք չի խնայել հանուն նախկին իշխանությունների։ Մեզ հետ զրույցում նա պնդեց, որ 2012 թվականի ընտրություններին օգնել է իր ընկեր Վահե Հակոբյանին։ Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը ՀՀԿ անդամ էր և նրա օգտին աշխատել՝ նշանակում է աշխատել ՀՀԿ օգտին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։
Ի դեպ 2013 թվականի նախագահական ընտրությունների հաջորդ օրը Տիգրան Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Սերժ Սարգսյանի լուսնակարով ռուսական մամուլի մի հոդված, որում քննադատվում էին ընդդիմության առաջնորդներից Լևոն տեր-Պետրոսյանն ու այդ ընտրություններում ընդդիմության համոզմամբ հաղթող թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։