00:00:00

«Հրապարակ».«Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի» միջեւ նոր «սագա» է հասունանում. դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ» կեցվածքից

13:27, 19 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ նոր «սագա» է հասունանում. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից, մանավանդ, որ ամենակարեւոր պահերին ԼՀ-ն կանգնում է իր կողքը, երբեմն անգամ՝ իր հեղինակության հաշվին, սակայն Փաշինյանը դույզն-ինչ քննադատություն անկարող է ընդունել։ «Եթե բյուջեն կազմվել է օրենքի, համամասնությունների ֆիսկալ խախտումով, չասեի՞նք»,- հարցրեց մեր զրուցակից ԼՀԿ-ականը: Դա՞ է Փաշինյանին վիրավորել։ «Այո եւ ոչ միայն։ Նաեւ այն, որ իրեն կոշտ քննադատել է իր կաբինետում աշխատած նախարարը, ու այն ժամանակ, երբ Հայաստանում չէ Էդմոն Մարուքյանը, վեր է կենում, նման պոպուլիստական հայտարարություններ է անում, թե ԼՀ-ն թող կանգնի, ուղիղ ասի` դե՞մ է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, տերմինախեղդ չանի եւ այլն»: Մանե Թանդիլյանն էլ արձագանքել էր՝ «ցավում եմ, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ դառնալ պետական գործիչ»: Հիմա ի՞նչ՝ դե՞մ եք քվեարկելու բյուջեին։ «Կընդունեն հարյուրից ավելի մեր առաջարկները, կողմ կքվեարկենք, ոչ` չենք քվեարկի»: Ի դեպ, ֆինանսների նախարարությւոնից հետաքրքրվեցինք` հակվա՞ծ են ընդունել «Լուսավոր Հայաստանի» առաջարկները։ Ասացին, որ խորհրդարանից դեռ չեն ստացել այդ առաջարկները, կստանան՝ կհասկանան: Հարցին` 4-օրյա ժամկետ չի՞ տրված դրանք ընդունելու համար, ասացին. «Առնվազն 4 օր. առանձնակի սահմանափակում չկա։ Ընդ որում՝ մենք չենք նայելու, թե դա ում առաջարկն է, նայելու ենք զուտ դրանց բովանդակությանը»: Հիշենք․ բյուջեն անցնում է 50+1 ձայնով, ինչն «Իմ քայլն» ունի։ Սակայն, ըստ ԼՀ մեր աղբյուրի, Փաշինյանը ցանկանում է իր պաշտոնավարման մեկ տարին «դիմավորել» լայն կոնսենսուսով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր