Irakanum.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը:
Վերջին օրերին խոսակցություններ կան, որ ՀՀ իշխանությունները կանչել են Ամուլսարի պոստերը պահող տղաներին և խորհուրդ տվել դադարեցնել իրենց պայքարի քայլերը, քանի որ հանքի շինարարությունը շարունակվելու է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս լուրերին և ըստ Ձեզ ի՞նչ քայլերի պետք է գնան ջերմուկցիները։
-Հուսով եմ , որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Նման գործելակերպը հարիր է ավտորիտար իշխանություններին: Եթե ներկայիս հեղափոխական իշխանությունները իրենց պահեն նախորդների նման , ապա կդավաճանեն հեղափոխության արժեքները: Իրենց իրավունքների և մեր բնության համար պայքարող մարդիկ արժանի են միայն գովասանքի: Հայաստանյան իշխանությունները պետք է հպարտանան պայքարող և իրավատեր քաղաքացիներով, այլ ոչ թե ճնշումներ գործադրեն նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է ջերմուկցիների գործողություններին, ապա թե՛ նրանք, և թե՛ մենք բոլորս, ջանքեր պետք է գործադրենք Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը մեկընդմիշտ չեղարկելու ուղղությամբ: Բարեբախտաբար, տեղի բնակչությունը անկոտրում է և 1,5 տարի է փակ է պահում հանք տանող ճանապարհները: Սակայն այս իրավիճակը պատիվ չի բերում ներկայիս իշխանություններին: Նրանք, փոխանակ ստանալով ժողովրդի մանդատը, չեղարկեն նախորդ ավտորիտար ռեժիմի ապօրինի որոշումները, ստանձնել են պարտականություն այդ ապօրինությունները իրագործելու:
Այս փուլում Ձեր համար պա՞րզ է, թե Ամուլսարի հարցում ինչ քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը, թե այն այնքան լղոզված է, որ որեվէ հստակություն չի նշմարվում։
-ՀՀ կառավարությունը արհեստականորեն լղոզում է հարցի շուրջ վարվող քաղաքականությունը՝ փորձելով թաքցնել իր դիրքորոշումը Ամուլսարի վերաբերյալ: Սակայն կառավարության , Ազգային ժողովի և իշխող ուժի այլ ներկայացուցիչների հայտարարույթուններից հասկանալի է դառնում, որ իշխանությունները ցանկանում են բացել Ամուլսարի հանքը՝ անտեսելով անգամ իրենց կողմից հրավիրված փորձագետների այն եզրահանգումը, որ առկա ՇՄԱԳ փաստաթուղթը անբավարար փաստաթուղթ է հանքի շահագործման համար: Անհրաժեշտություն կա որպեսզի ՀՀ իշխանությունները հրապարակային և հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:
Բնապահպանների պնդմամբ՝ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերը Ջերմուկում աշխատանքներ են տանում՝ ահաբեկելով պայքարող երիտասարդությանը։ Սա ինչի՞ արդյունք է, և ինչպե՞ս պետք է այդ ամենի դեմն առնել։
-Միայն նման հայտարարությունը բավարար է, որպեսզի իրավապահ մարմինները քննություն սկսեն պարզելու համար, թե ովքե՞ր, ի՞նչ նպատակներով են փորձում ճնշումներ գործադրել քաղաքացիների նկատմամբ: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, նրանց ազատ արտահայտման իրավունքի իրացումը և ստեղծել միջավայր, որտեղ ինքը՝ քաղաքացին է որոշում իր և իր երկրի ճակատագիրը: Եթե իշխանությունները անհապաղ ընթացք չտան այդ հայտարարություններին և չձեռնարկեն միջոցներ նմանատիպ ճնշումները կանխարգելելու համար՝ դա կնշանակի, որ այդ ճնշումներն իրականացվում են իշխանության հրահանգով կամ նրա թողտվությամբ: Այս դեպքերը ակամայից հիշեցնում են նախորդ իշխանությունների օրոք ակտիվիստների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները, որոնք չէին բացահայտվում իրավապահ համակարգի կողմից, քանի որ իրականացվում էին իշխանությունների կողմից: Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունները առիթ չեն տա հանրությանը նմանատիպ կասկածներ ունենալ:
Հայտնի է, որ Լիդիան Արմենիան դատի է տվել պայքարող երիտասարդներից մի քանիսին։ Նախ ինչպե՞ս կգնահատեք դա, և ըստ Ձեզ այդ ընկերության հետ ինչպե՞ս պետք է վարվել առհասարակ։
Լիդիան Արմենիան օգտագործել, օգտագործում և օգտագործելու է բոլոր թե՛ օրինական, և թե՛ ապօրինի լծակները հանքը շահագործելու համար: Նա, նախորդ իշխանությունների հետ ապօրինի գործարքների միջոցով ստացել է հանքի շահագործման թույլտվություններ և ամեն կերպ փորձելու է շահագործել հանքը: Ցանկալի կլիներ, որ այսօրվա իշխանությունները բացահայտեին կոռուպցիոն բոլոր գործարքները, և պատասխանատվության ենթարկեին թե՛ այն պետական կառույցների աշխատակիցներին ովքեր ներգրավված են եղել այդ կոռուպիայի մեջ, և թե՛ Լիդիան Արմենիա ընկերությանը, և հարկադրեին նրան փոխհատուցել հասցված վնասը: Սակայն, եթե ոչ վերոնշյալը, ապա առնվազն ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների եզրահանգումը առ այն, որ ՇՄԱԳ փաստաթղթի տվյալներն անբավարար են, բավական է մեկընդմիշտ դադարեցնելու Ամուլսարի շահագործումը: Վերջում կարող եմ նշել, որ Հայաստանի իրավատեր և արժանապատիվ քաղաքացիները թույլ չեն տալու, որպեսզի շահագործվի Ամուսարի հանքը՝ իրենց և ապագա սերունդների առողջության և շահերի հաշվին: Ամուլսարի հանքարդյունաբերության նախագիծը ունի մեկ տրամաբանական օրինական և իրավական լուծում՝ այն Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծի չեղարկումն է:
Irakanum.am