Հայաստանի Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ մերժել է Ազգային Ժողովի նախագահի անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ընձեռող օրինագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրել է պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ Վերջինս մամուլի հրապարակումների համաձայն վայելում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հովանին: Նախագիծը ներկայացվել է խորհրդարանական կառավարման տրամաբանության հիմքով, խորհրդարանական վերահսկողութան համակարգի ամբողջացման նպատակով:
ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել, իսկ խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ ԼՀԿ-ն դեմ։ Կողմ քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը՝ 66 պատգամավոր։ Փաստացի ստացվում է 88 հոգանոց Իմ քայլը մեծամասնությունը մերժել է օրենքի նախագիծը, քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին է եւ դրա համար անհրաժեշտ էր ոչ թե պարզ մեծամասնություն, այլ ավելին՝ 80 ձայն:
Այս քվեարկության պատկերն ուշագրավ է այն առումով, որ խոսքը գնում է պետության երկրորդ կարևոր դեմքի մասին, եւ տպավորություն էր, որ այստեղ այլ կարծիք լինել չէր կարող, սակայն քվեարկությունը ցույց տվեց, որ իշխանության ներսում իրականում կան լուրջ խմորումներ, որոնք պարբերաբար արտահայտվում են քվեարկությունների տեսքով։
Տրամաբանական հարց է առաջանում, արդյո՞ք իմ քայլականները հարցը քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ որ ամենակարևորն է ինչ դիրքորոշում ուներ վերջինս։ Այս պահին հստակ է, որ իշխանությունը մերժել է Արարատ Միրզոյանին, իսկ թե ում հրահանգով եւ ինչու ցույց կտա ժամանակը։
Irakanum.am