Մոսկվայում բնակվող 2 ադրբեջանցի տղամարդ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի զինվորական դատարանի կողմից սիրիացի զինյալներին ռազմական տեխնիկա մատակարարելու համար:
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը: Նրանք վաճառել են ջերմային պատկերապատիչներ, նշանառության հարմարանքներ և հեռադիտակներ: Դրանք, ի վերջո, հայտնվել են ահաբեկիչների ձեռքում: Ադրբեջանցիները Մոսկվայում ունեին փախլավայի արտադրամաս:
Ռասիմ Բախշիևը և Էլշադ Յագուբովը ձերբակալվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից անցյալ տարվա օգոստոսին: Բախշիևի և Յագուբովի անունները ներառված են այն ֆիզիկական անձանց ցուցակում, որոնց մասին տեղեկություններ կան, թե ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում: «Ռոսֆինմոնիտորինգի» ցանկում Բախշիևը 1675-րդ համարի ներքո է, Յագուբովը՝ 9235-րդ: Նրանք այդ ցուցակում էին հայտնվել 2018-ի սեպտեմբերին՝ նրանց բերման են ենթարկելուց մեկ ամիս անց:
Քննությամբ պարզվել է, որ գործարարները Թուրքիայում գտնվող ընկերոջն ուղարկել են ընդհանուր 30 միլիոն ռուբլու ռազմական տեխնիկա, որոնք նրանք ձեռք էին բերել Մոսկվայի խանութներում: Թուրքիայից տեխնիկան հասել է Սիրիա, որտեղ այն օգտագործել են տարբեր ահաբեկչական խմբավորումների զինյալներ:
Փետրվարին տեխնիկայի մի մասն ընկել է ռուս զինվորականների ձեռքը: Դրանց շարքում եղել են այնպիսի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս հաշվարկել և հարվածել թիրախին ավելի քան մեկ կիլոմետր հեռավորությունից: Նման սարքերի արժեքը գերազանցում է 1 միլիոն ռուբլին:
Բախշիևն ու Յագուբովն ակտիվորեն օգնել են հետաքննությանը: Նրանք պնդել են, թե չեն իմացել, որ ուղարկված տեխնիկան ընկնելու է ահաբեկիչների ձեռքը և իրենց գործողությունները բացատրել են գումար աշխատելու ցանկությամբ: Նրանք նշել են, որ ջերմային պատկերապատիչների, նշանառության հարմարանքների և հեռադիտակի առաքման համար հարկավոր չէ ունենալ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության արտոնագիր: