Այս 30 տարիների ընթացքում մի դատարկություն կա, որ պահանջում է մեզանից նոր գաղափարներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Այս 30 տարիների ընթացքում մի դատարկություն կա, որ պահանջում է մեզանից նոր գաղափարներ, այսինքն` գաղափարները միգուցե եւ նորը չեն, բայց կուսակցությունների միջոցով ստանում են համակարգված տեսք, հետեւաբար այդ համակարգված տեսքը պետք է նաեւ արտացոլվի այսպիսի միավորների միջոցով: Ինչպիսին կլինի ապագան, իհարկե, ցույց կտա ժամանակը, որովհետեւ կուսակցություն հիմնադրելը, հետագայում նաեւ կուսակցությունը իր գործունեությունը ծավալելու ընթացքում ունի բազմաթիվ մարտահրավերներ իր առջեւ, որովհետեւ մեր հասարակությունը դեռ քաղաքական հասարակություն չէ, բարձր քաղաքական գիտակցությամբ հասարակություն չէ, կուսակցությունը նրա համար է, որ որպեսզի բարձրացնի մեր քաղաքացիների քաղաքական գիտակցությունը»,- ասաց նա:
Փոստանջյանի կարծիքով` կուսակցության աշխատանքից է կախված շատ բաներ. «Շատ դժվար է, որովհետեւ շուտով «Երկիր ծիրանի» կուսակցությունը արդեն կդառնա 3 տարեկան, բայց գաղափարներ տարածելը մեր հանրության շրջանում բավականին բարդ է, որովհետեւ հանրության հիմնական բարձր քաղաքական գիտակցությամբ մասը հանրապետությունում չի բնակվում այսօր»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքն ուղղակի հրավիրված էր եւ հաջողություն մաղթեց նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցությանը: