Մամուլը գրում է ՝ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թեւակոխում։ Մանսավորապես, իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։
Տեղեկությունների համաձայն, հարցն այս ամիսների ընթացքում եղել է արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, եւ դրա հետ կապված՝ մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ փակ ձեւաչափով, որին մասնակցել են իշխանական «կորպուսի» ներկայացուցիչները, եւ ռազմավարական մի քանի դրույթներ են քննարկվել։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դեկտեմբերին նախատեսվում է Ստամբուլյան կոնվենցիան քննարկել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ներսում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն. կա տեղեկություն, որ նախագծի հարակից զեկուցողին առաջիկայում կգործուղեն Ստրասբուրգ՝ հարցի հետ կապված որոշակի մանրամասներ տեղում ճշտելու եւ խորհրդարանում հնարավորինս պատրաստված ներկայանալու համար, ավելին՝ Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա, արագացված կարգով, նաեւ ԱԺ լիագումար նիստում։
Անդրադառնալով մամուլի վերոնշյալ հրապարակումներին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը irakanum.am-ի հետ զրույցում նշեց ՝ այդ հարցը խմբակցությունում չի քննարկվել։
«Հետևաբար, ես տեղեւոյթւոն չունեմ այն մասին, որ հունվար կամ փետրվար ամիսներին այդ հարցին պետք է արագորեն անդրադառնանք․ ես այդպիսի ինֆորմացիա չունեմ», - նշեց Արսեն Միխայլովը։
Իշխող խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ասաց․ «Ճիշտն ասած՝ այդ հարցը խմբակցությունում վերջերս չի քննարկվել, այս մասին առաջին անգամ Ձեզանից եմ լսում, ես տեղյալ չեմ այդ մասին», - ասաց Արամ Խաչատրյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ վստահեցրեց՝ այս պահին Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում չի քննարկվում։
«Այդ հարցն այս պահին օրակարգում չկա, գոնե իմ տեսադաշտում չկա։ Այս պահին որևէ տեղեկություն չունեմ դրա մասին։ Իսկ արդարադատության նախարարությունը այդ հարցը վաղուց է քննարկում․ այդ մասին վաղուց խոսվել է, և ես իմ կարծքը հայտնել եմ», - ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ նա դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ Ստամբուլյան կոնվենցիան մեր ժողովրդի աշխարհայացքին չի համապատասխանում, և եթե անգամ կոնվենցիան ընդունվի, այն չի ընդունվի ու չի ընկալվի հասարակության կողմից։
«Հազար հատ Սորոս լինի, հազար հատ Ստամբուլյան կոնվենցիա լինի, այդ օրենքն էլ ընդունվի, մեկ է, հաջողություն չի ունենա։ Մեր ժողովրդի մեջ դարավոր ավանդույթներ կան․ ուզում են՝ օրենք ընդունեն․․․․ հետո՞ ինչ», - ասաց Լևոն Շիրինյանը։
Ըստ նրա՝ այսուամենայնիվ, պետք է քննադատել Ստամբուլյան կոնվենցիան, դրա բացասական կողմերը և դրան զուգահետ՝ նաև բռնությունը։
«Պետք է քննադատել նաև ընտանեկան բռնությունը, թեև իմ միջավայրում, բարեբախտաբար չկան այնպիսի ընտանիքներ, որտեղ բռնություն է լինում։
Բայց, մենք պետք է հիշենք, որ մեր ընտանիքներում հայրիշխանություն է, և դա նշանակում է՝ բռնությո՞ւն է․ բոլորովին ո՛չ։ Այն հասարակությունում, որտեղ ընդունված է հայրիշխանությունը, Ստամբուլյան կոնվենցիան հաջողություն ունենալ չի կարող։ Ուզում են՝ հազար փաստաթուղթ բերեն․ հայրիշխանական ընտանիքներն այդ ֆոկուսներով չեն խաբվի», - ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ լրատվամիջոցներին կոչ անելով Ստամբուլյան կոնվենցիան չքաղաքականացնել։