00:00:00

ԱԻՆ-ը կազմակերպել է եռօրյա տարածաշրջանային աշխատաժողով

23:55, 15 հոկտեմբեր 2019

Երևանում հոկտեմբերի 15-ին մեկնարկեց հետաղետային կարիքների գնահատման, աղետների պատճառած կորուստների և վնասների տվյալների շտեմարանի և Սենդայի գործողությունների ծրագրի մշտադիտարկման համակարգի վերաբերյալ եռօրյա տարածաշրջանային աշխատաժողովը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցում են Հնդկաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի, Սերբիայի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև այլ պետական մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք և փորձագետներ:   Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը: Արկադի Բալյանը շեշտեց, որ Հայաստանը՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, միջազգային իր երկարամյա և վստահելի գործընկերոջ՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ձեռնամուխ է եղել աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված մի շարք կարևոր քայլերի իրականացմանը:   «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ առավել կարևոր է ջանքերի համատեղումը և սերտ համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատաժողովին մասնակցող երկրների ներկայացուցիչներին՝ իրենց փորձը, հաջողություններն ու մարտահրավերները մեզ հետ կիսելու և Հայաստանի քաղած դասերն ի նկատի առնելու համար»,-  եզրափակեց փոխնախարար Արկադի Բալյանը:   Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան:   Աշխատաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների փորձագետները ներկայացնելու են հետաղետային կարիքների գնահատման, աղետների ռիսկի նվազեցման  ու մշտադիտարկման գործիքակազմերի կիրառման իրենց փորձը, որը հատկապես կարևորվում է տվյալների փոխանակման, հավաստիության և աղետների հետևանքով մարդկային, տնտեսական, մշակութային և այլ կորուստների գրանցման, հաշվարկման նույնանուն սկզբունքների կիրառման հնարավորության համատեքստում:   Աշխատաժողովի հիմնական նպատակն է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի Հայաստանյան գրասենյակի մասնագետների օգնությամբ իրականացնել հետաղետային կարիքների գնահատում, ինչպես նաև Սենդայի շրջանակային ծրագրի մշտադիտարկման և աղետների պատճառած կորուստների շտեմարանի մշակման և օգտագործման տեսական գիտելիքների ու բարեհաջող կիրառման վերաբերյալ փորձի փոխանակում:   Աշխատաժողովի աշխատանքները նախատեսված  է ավարտել հոկտեմբերի 18-ին:   Փոխնախարար Բալյանը ողջունեց աշխատաժողովի գումարումը Հայաստանում, նշելով, որ ամեն տարի համաշխարհային հանրությունը տարատեսակ միջոցառումներով է նշանավորում աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 13-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր