Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանին: Հանդիպմանը նախորդել էին ռեկտոր Ուռուտյանի
և պրոռեկտոր Մակարյանի հանդիպումները ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցությունը «Գյուղատնտեսության ներկան և ապագան» թեմայով գիտագործնական խորհրդաժողովին և պարոն Մակարյանի պարգևատրումը ԱՀ «Անանիա Շիրակացի» մեդալով:
Նախագահ Սահակյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Քննարկվել են, մասնավորապես, Արցախում գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պատրաստմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցության մակարդակը և հույս հայտնել, որ համալսարանի ներգրավվածությունն Արցախի կյանքում ավելի կակտիվանա ապագայում:
Այսպիսով ավարտվել է ՀԱԱՀ-ի ղեկավարների աշխատանքային հագեցած այցն Արցախ: