00:00:00

Դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհը. անցյալի վատը ներկայիս վատթարագույնի արդարացման հիմք չէ․ «Փաստ»

13:12, 08 հոկտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ «Ցանկացած ուժ, որն իշխանության է գալիս, պիտի պատրաստ լինի, որ եթե նույնիսկ 99 տոկոս վստահություն էլ ունենա, կլինի գոնե այդ 1 տոկոսը, որը չի ընդունի իրենց, չի սիրի իրենց, կքննադատի, կդատափետի: Պետք է պատրաստ լինի նաև մամուլի դաժան քննադատությանը: Առավել ևս այսօրվա քաղաքական ուժը, որը չափազանց հեռու է վերը նշվածի չափով վստահություն ունենալուց ու գնալով ավելի է հեռանում: Պետք չէ հուսալ, թե բոլորը ծնկաչոք աղոթելու են իշխանության համար, ընդհանրապես որևէ մեկի համար: Պետք չէ հուսալ, որ բոլորը կուրորեն երկրպագելու են: Չկա ու չի կարող լինել նման բան: Ուստի հակադրվողներին, անկախ դրդապատճառներից, անթույլատրելի է հայտարարել թշնամիներ: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը լակմուսի թղթի դեր է կատարում մեր այսօրվա իրականության համար: Մենք բացարձակ հակված չենք մտածել, թե կատարվածը իշխանությունների հրահանգով էր: Սակայն սա պարարտ հողում հենց իշխանությունների ցանածի հետևանքն է: Դեռևս անցած տարվա մայիսից թե՛ մենք, թե՛ բազմաթիվ փորձագետներ անհանգստություն էինք հայտնում, որ հասարակությանը ծայրահեղ բևեռների բաժանումը, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու լեքսիկոնը, հետո նաև դատարանների դռները փակելը, Փաշինյանի քիմքին անհաճո կարծիք կամ որոշում կայացնողներին վարկաբեկելն ու վիրավորելը, քայլածներից ու նրանց սատարողներից զատ մնացյալի հանդեպ թշնամանք ու ատելություն գեներացնելը, ամեն ինչում ի վերջո ԶԼՄ-ներին մեղադրելը հանգեցնելու են անկանխատեսելի հետևանքների: Այսօր մոտենում ենք մի ծանր հանգրվանի, որն արդեն անցնում է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները: Ու նույնիսկ զարմանալի էլ չէ, որ արդեն նմանատիպ քայլերը նույնիսկ արդարացնողներ կան: Զարմանալի չէ, բայց ամենավտանգավորն է: «Լավ են արել» ձևակերպումն ի վերջո դառնալու է հոգեբանություն ոչ միայն հասարակության որոշակի շերտերի, այլ հենց իշխանության համար: Իսկ դա դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհն է: Եվ վերջապես, խելագարության աստիճան անհեթեթ, անիմաստ ու ճղճիմ են արդեն հնչում արդարացումները, թե՝ բա որ այն ժամանակ այսպես էին անում, բա որ այնպես էին անում... Է, վատ են արել: Բայց անցյալի վատը ներկայիս վատթարագույնի արդարացման հիմք չէ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր