«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլ»-ում անհանգիստ են. կհաջողե՞ն արդյոք Թովմասյանին գահընկեց անելու գործում: Մինչ նրանք նախագիծ են դրել խորհրդարանի սեղանին, Թովմասյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ իշխող թիմի այս ձեռնարկը քաղաքական արշավ է իր դեմ: Ու հենց Թովմասայնի` եթերում հնչեցրած մտքերն էլ դարձան իշխող մեծամասնության հիմնական թիրախը օրինագծի քննարկման ընթացքում` տպավորություն ստեղծելով, որ եթե ՍԴ նախագահի խոսքը եթերում չլիներ, ապա քաղաքական մեծամասնությունը խոսելիք չէր ունենա: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված մեկնաբանությունում ասել է. «Այդ հարցազրույցը, ըստ էության, նաեւ լրացուցիչ շատ լավ առիթ էր իր պաշտոնի հետ անհամատեղելիությունը ցույց տալու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն էլ իշխող ուժում ընկերներ ունի, երբեք չի թաքցրել, որ համակրում է ՀԱԿ-ին, չեզոք դատավոր է, Ս. Գաբրիելյանը պատասխանել է. «Ես հրապարակային չեմ տեսել, որ նա գնա հարցազրույցներ տա եւ խոսի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից, իր կապի մասին իշխանությունների հետ եւ այլն։ Իմ տպավորությամբ` նա ՔՊ-ի համակիրը չի եղել, այլ ուժի հետ է ասոցացվել»։ Թերեւս նա նկատի ունի իշխող ուժի հենարան ՀԱԿ-ին: