00:00:00

Աշտարակի թիվ 4 դպրոցի ուսուցչուհին պնդում է՝ նախկին ՀՀԿ-ական տնօրենն ապօրինություններ է անում

16:08, 08 սեպտեմբեր 2019

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցիչ, դասվար Լուսինե Թադևոսյանը դիմել է irakanum.am-ին՝ լիահույս լինելով՝ եթե իր խնդրի մասին բարձրաձայնի, պատկան մարմինները լուծում կտան դրան։ Լուսինե Թադևոսյանը 30 տարվա ստաժ ունի։ Նա պնդում է, որ դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանը վատ է վերաբերվում ոչ միայն իրեն, այլև իրեն հակադարձող բոլոր ուսուցիչներին․ նման պայմաններում դպրոցում աշխատողներից ոմանք պարզապես աշխատանքից ազատման դիմում են գրում ու հեռանում։ «Տնօրենը 6-7 տարի առաջ, մի լուծարված դպրոցից մի դասվարի բերեց, ասաց՝ նա «երկրորդ անգամ գնել է իր աշխատանքը»։ Այդ ժամանակ մարզպետը Սահակյան Սարգիսն էր, իսկ դասվարը՝ Թումանյան Գոհարը Սահակյան Սարգսի ազգականն էր։ Տնօրենն ասաց՝ Գոհարը պիտի աշխատի։ Մի օր էլ տնօրենը կանչեց ինձ, ասաց՝ քո եղբայրը ՌԴ-ում է, թող X հաշվեհամարին գումար փոխանցի, քանի որ ես մի ուսուցչի գումար փոխանցելու խնդիր ունեմ։ Հարցրի՝ ո՞վ է այս ուսուցիչը, ասաց՝ Գոհարը։ Ես էլ գնացի ֆինանսական բաժին․ բաժնի վարիչն ասաց՝ դպրոցն այդքան ֆինանս չունի, նա չի կարող այդ ուսուցչին պահել, հիմա էլ Գոհարին ինչպես կուզի, թող պահի դպրոցում։ Ֆինանասական բաժնի վարիչն ինձ վստահեցրեց, որ իմ աշխատավարձից հազար դրամ էլ չի պակասի։ Ու այդպես, տնօրենը Գոհարին պահեց դպրոցում ու նրան դուր չեկան իմ համարձակ քայլերը ու նա ամեն չորս տարին մեկ դասարան կոմպլեկտավորելիս սկսում էր Գոհարի համար աշխատել, ինձ նվաստացնում էր, հեղինակազրկում։ Ծնողներին ասում էր՝ երեխաներին տարե՛ք Գոհարի դասարան։ Ես հետո հասկացա տնօրենի այն արտահայտությունը, երբ նա ասաց «Գոհարը գնել է իր աշխատանքը»։ Հիմա ես ապացույցներ չունեմ, բայց թող մասնագետները ուսումնասիրեն այդ տարիները, տեսնեն՝ Գոհարն ինչպես է վարձատրվել։ Ասում էին՝ Գոհարը պարապում է ու պարապմունքի վարձերը ինչ-որ հաշվեհամարի փոխանցում։ Եվ այդպես, այդ պատմությունից հետո դպրոցի տնօրենը հակակրանքով լցվեց իմ նկատմամբ և այս ահավոր վիճակը շարունակվում է մինչ օրս»։ Լուսինե Թադևոսյանը նշեց՝ նախորդ տարի՝ սեպտեմբերին մահացել է իր մայրը, դրանից հետո երկու ամիս աշխատանքի չի գնացել։ «Մայրիկիս մահը շատ ծանր տարա։ Երկու ամիս աշխատանքի չգնացի, իմ հաշվին արձակուրդ էի վերցրել։ Ինձ այդ երկու ամսվա ընթացքում մի նոր ավարտած աղջիկ էր ինձ փոխարինել։ Այդ աղջկան տնօրենն անդադար ասում էր մնա՛ ուսուցչանոցում, դու տուն մի՛ գնա, Լուսինեն վատանալու է, դու կմտնես, կպարապես․․․ Դրանից հետո դպրոցի տնօրենը սկսեց հասարակության մեջ ավելորդ բաներ խոսել, իբր ես ադեկվատ չեմ, հոգեկան խանգարում ունեմ, գիժ եմ․․․․ Այս տարվա փետրվարի 7-ին գնացի կրթության նախարարի մոտ, այս ամերի մասին պատմեցի։ Նա ասաց՝ տեսչական խումբ կուղարկեմ։ Տեսուչները Արամ Խաչատրյանն ու Հասմիկ Մանասյանն էին։ Նրանք ասացին՝ տեսնում ենք՝ ուսուցիչները վախեցած են, բայց բոլորը չէ, որ ասում են՝ բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ չէ։ Արամ Խաչատրյանն ասաց՝ ասողները քիչ էին, բոլորը չէ, որ պնդեցին, որ դպրոցում մթնոլորտն առողջ չէ։ Ես էլ ասացի՝ բայց չէ՞ որ ասողներ եղել են», - պատմեց Լուսինե Թադևոսյանը։ Աշտարակի թիվ 4 հիմնական տպրոցի տնօրենը, Լուսինե Թադևոսյանի խոսքով, իր դասվարական դասարանի երեխաների մոտ իր մասին վատ բաներ է խոսում, ասում է Ձեր ուսուցիչը վատն է, գիժ է, հոգեկան հիվանդ։ Լուսինե Թադևոսյանը նշեց՝ դպրոցի տնօրենը դպրոցում մասնավոր մաթեմատիկա է պարապում։ Մի անգամ էլ Լուսինե Թադևոսյանը տեսել է, որ տնօրենը իր մոտ պարապմունքի եկող աշակերտների վրա դուռն է փակել, ինչից հետո Լուսինե Թադևոսյանը ոստիկանություն է զանգել։ «Տնօրենը նախապես զանգել էր տեսուչին, երեխաներին։ Տեսուչը եկավ, հարցրեց՝ երեխանե՛ր, ձեզ մոտ վերջին զանգի փորձ է, չէ՞։ Ասացի՝ այս ի՞նչ կերպ եք հարցադրում անում։ Ես տեսանկարահանել եմ, թե ինչպես էր դուռը փակված աշակերտների վրա», - պատմեց Լուսինե Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ վերջին ն տարիներին բազմաթիվ ուսուցիչներ լքել են դպրոցը։ «Զգում եմ, որ հերթն ինձ է հասել, քանի որ դանակը ոսկորին է հասել։ Տնօրենը տարվա մեջ կարող է անգամ երկու ուսմասվար, կազմակերպիչ փոխել։ Փոխտնօրեններից մեկն էլ տնօրենի հորաքրոջ որդին էր։ Նա էլ ասաց՝ նյարդերս չեն դիմանում, չեմ կարող իր հետ աշխատել։ Իրավիճակն այսպես սրվել էր։ Կարծեմ ապրիլ ամսին մարզպետը եկավ դպրոց․ իրեն էլ էի դիմում գրել։ Նաեկավ դպրոց, ստուգումներ արեց, տնօրենին նկատողություն արեց։ Նա մտել էր դասարան, աշակերտներին հարցրել, աշակերտները վկայել էին այն մասին, որ տնօրենը իմ մասին ասել էր, թե ես գիժ եմ, ասել էր՝ ձեր դասատուն գիժ է, հոգեկան հիվանդ է։ Տնօրենը երեխաներին էլ հանցագործներ էր անվանել։ Մարզպետն էլ տնօրենին ասաց՝ ինչո՞ւ եք սովորողների իրավունքները ոտնահարում։ Տնօրենն ասաց՝ երեխաները ստում են, երեխաներից մեկն էլ ասաց՝ Դուք ասել եք, որ մեր դասատուն հոգեկան հիվանդ է։ Այնուհետև տնօրենին նկատողություն տվեցին։ Դրանից հետո տնօրենն ավելի չարացավ իմ դեմ ու շատ վատ է վերաբերվում ինձ։ Նկատողությունից հետո դպրոցի տնօրենը դատի է դվել մարզպետին՝ պնդելով, որ ինքը հանիրավի է նկատողություն ստացել», - պատմեց Լուսինե Թադևոսյանը։ Նա նշեց՝ սեպտեմբերի 1-ից առաջ՝ օգոստոսի վերջին, մանկավարժական խորհրդի նիստ է եղել, տնօրենը հրաժարվել է Լուսինե Թադևոսյանին տալ այն երեխաների ցուցակը, որոնք պետք է սովորեն իր դասարանում։ «Ժամանակին ինձ երկու ամիս փոխարինած ուսուցչուհուն՝ Մարգարիտա Մկրչյանին էլ էր բերել մանկավարժական խորհչդի նիստին։ Պարզվեց՝ երեք առաջին դասարանցի պիտի լինի․ 80-ից ավելի դիմում կար։ Դասարանները կոմպլեկտավորելիս պետք է հավասարաչափ բաշխել, բայց նա մանկխորի ժամանակ այդպես էլ երեխաների ցուցակը չտվեց։ Սեպտեմբերի մեկին մտա դասարան, տեսա՝ իմ դասարանում 7 աշակերտ է։ Իմ դասարանը 1-ին Ա դասարանն էր։ Իմ դասարանը պետք է կոմպլեկտավորվեր, ապա մյուս դասարանները։ Գոհարի դասարանում 35 աշակերտ էր, իսկ Մկրտչյան Մարգարիտայի դասարանում՝ 37 աշակերտ։ Դա օրենքի խախտում է», - պատմեց Լուսինե Թադևոսյանը։ Նա նշեց՝ տնօրենի հետ անգամ ուսումնական հարցեր հնարավոր չէ քննարկել, իսկ ում վրա նա ազդեցություն ունի, արգելել է շփվել Լուսինե Թադևոսյանի հետ։ Սեպտեմբերին Լուսինե Թադևոսյանը դիմել է մարզպետարան, «Կրթություն» թերթ, սակայն խնդիրը դեռ լուծում չի ստացել։ Իսկ մինչև սեպտեմբեր ամիսը, Լուսինե Թադևոսյանի խոսքով,՝ դպրոցի տնօրենը թաքուն ժողովներ է արել, տեքստ է կազմել, ծնողներն էլ ստորագրել են, որ շատ գոհ են նրա աշխատանքից։ Լուսինե Թադևոսյանը նշեց՝ դպրոցի տնօրենը նախկին հանրապետական է, իսկ նրա քույրը աշխատում է մարզպետարանում՝ կրթության բաժնում։ Դասվարի խոսքով՝ թավշյա հեղափոխության օրերին տնօրենը փորձել է թույլ չտալ, որ նա քաղաքացիական անհնազանդության ցույցերի գնա, թեև ուսուցչունին դասապրոցեսին երբեք չի խանգարել, բարեխղճորեն աշխատել է բոլոր դասաժամերին։ Զրույցի վերջում Լուսինե Թադևոսյանը հույս հայտնեց, որ դպրոցում ստուգումներ կանցկացվեն և տնօրենի հետ կապված բոլոր անօրինական երևույթները կբացահայտվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր