00:00:00

«25 տարեկանում մարդը չի կարող դատավոր լինել  ու ինչ-որ մեկի ճակատագիրը որոշել»

20:12, 13 օգոստոս 2019 Իրավական

Արդարադատության 28-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է երիտասարդացնել դատական համակարգը․ նախատեսվում է  դատական օրենսգրքում փոփոխություն կատարել։ Առաջարկում է դատավորների տարիքային շեմը 28-ից դարձնել 25, ըստ այդմ՝   հնարավոր կլինի դատավոր   դառնալ  25 տարեկանից սկսած, ոչ թե 28։ Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը Hraparak.am-ի հետ զրուցում նույնիսկ նշել է, որ եթե պատգամավոր կարելի է լինել 25 տարեկանում, դատավորների դեպքում ևս դիտարկել այս հարցը։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝   փաստաբան Կարինե Լալաբեկյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝  այս նախաձեռնությանը բացասաբար է վերաբերվում։ «Ես գտնում եմ, որ դատավորությունը բացի մասնագիտական կարողություններ ունենալուց` նաև խորը հոգեբանական կարողություններ է պահանջում։ Աստվածաշնչում ասվում է՝ մի՛ դատիր․ մարդը պիտի բավականաչափ   հասուն   ու փորձառու լինի, որպեսզի կարողանա  դատելու  հնարավորություն ու իրավասություն ունենալ։ Ես կարծում եմ՝ 25 տարեկանում   մարդու կյանքի  և սոցիալ-հոգեբանական  փորձը հնարավորթյուն չեն տալիս, որպեսզի նա  կարողանա կայացած դատավոր լինել ու որոշել ինչ-որ մեկի  ճակատագիրը՝ թեկուզ քաղաքացիական գործով, անգամ գույքի ճակատագիրը։ Քաղաքացիական գործերով վճռվում  է  նաև ընտանիքի ճակատագիր և այլն․․․ Դատավորը վճռորոշ մարդ է, նա ճակատագիր է որոշում և որպեսզի  դատավորը նա ճակատագիր որոշելու կարողութոյուն ունենա, պետք  է  կյանքի փորձով իմաստացած լինի», -  նշեց Կարինե Լալաբեկյանը։ Ըստ Կարինե Լալաբեկյանի՝ արադացի չէ պատգամավորի տարիքային շեմը համեմատել դատավորի տարիքային շեմի հետ։ «Ինձ որ հարցնեն՝ պատգամավոր էլ   չէին դառնա 25  տարեկանից։ Բացի այդ՝ պետք է նշել՝ պատգամավորները ունեն աշխատակազմ, կարող   են ժամանակի ընթացքում ինքնակրթվել, օգնականների միջոցով կամ որևէ այլ միջոցով կարող են  աշխատել, բացի այդ՝ եթե կրթական ցենզն էլ բավարարում է, պատգամավորը կարիք չունի  կոնկրետ  վճռորոշ որոշում կայացնել, պատգամավորի առջև  չկա պարտավորություն՝ կոնկրետ այդ պահին ինչ-որ մեկի համար ճակատագրական որոշում կայացնել․ ես այդպես եմ կարծում։ Պատգամավորը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, այդ  օրենքները քննարկվում են,  կոլեգիալ որոշում են կայացնում, իսկ դատավորը կոնկրետ, անմիջականորեն գործ ունի մարդու ճակատագրի  հետ, և  25  տարեկան  (ներողություն, գուցե կոպիտ կհնչի)  երեխան չի կարող որոշել անձի ճակատագիրը», -  նշեց Կարինե Լալաբեկյանը՝ նշելով՝ ավելի ճիշտ կլիներ, որ դատավորների տարիքային շեմն ավելի բարձրացվեր և ոչ թե իջեցվեր։ «Կարծում եմ ՝ գոնե 30-35  տարեկան պիտի լինի  դատավորը, որպեսզի կարողանա մինիմալ կյանքի փորձ ունենալ։  Դատավորությունը իրավաբանական կարիերայի ամենավերին սանդուղքն է, իսկ ամենավերին սանդուղքները բարձրանալու համար պետք է ներքին սանդուղքները բարձրանալ,  և քանի որ  մեր արդարադատության  նորանշանակ նախարարը   փոքր է, երևի ուզում է իր ընկերներն էլ այս շրջանակում տեղավորվեն։ Ինքը 28 տարեկան է, ու կարծում եմ՝ նաև իր անձով է պայմանավորված սա։ Գուցե, մտածում է՝ կաշկանդվածություն  կունենա տարիքով ավելի մեծ դատավորների հետ աշխատելիս, և  գուցե մտածում է՝ ավելի հեշտ է ավելի երիտասարդ  կադրերի հետ աշխատել։ Կարծում եմ՝ դա ճիշտ չէ, օպտիմալ չէ։ Կարիերայի ամենավերին սանդուղքին լինելու համար պետք է գոնե ներքևից բարձրանալ՝ ամեն սանդուղքին մնալով մեկ տարի», -  եզրափակեց   փաստաբան Կարինե Լալաբեկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր