Ակնհայտ է, որ գոնե վերջին 1-1.5 տարին, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, որոնք չի կարելի համարել դասական սրացում, որովհետեւ մենք մեր դինամիկայում ունեցել ենք ավելի լուրջ սրացումներ, ունենք հիմնականում կայուն իրավիճակ առաջնագծում:
Այս մասին այսօր «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել՝ եկեք բանակցենք, թե չէ՝ կկրակենք, եկեք խելոք զիջեք, թե չէ պատերազմ կսկսենք: Մենք ասում ենք՝ եթե բանակցում ենք, եկեք բանակցենք, եթե պետք է կրակենք, ձեզնից ավելի շուտ ու լավ կկրակենք: Մենք կողմնակից ենք բանակցելուն:
Եթե մինչեւ հիմա Ադրբեջանը կարողացել է խոսել այն դիրքերից, որ բանակցելու այլընտրանք պատերազմն է, իսկ ես պատերազմ սանձազերծելու մենաշնորհ ունեմ, ոչ, հիմա դու այլեւս չունես այդպիսի մենաշնորհ, ոչ ոք քեզ չի տվել նման իրավունք»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե «անհանգստություն» բառն իրավունք ունի գոյություն ունենալու, պետք է լինի կոնֆլիկտի, սահմանի ողջ երկայնքով, ապա այն ոչնչով պակաս չէ Նախիջեւանը Տավուշից, Արցախից կամ Սյունիքից:
Որեւէ տարբերություն չկա, որովհետեւ եթե որոշ բնակավայրեր գտնվում են որոշակի խոցելիության գոտում, ապա դա երկկողմանի է, ու եթե Հայաստանի բնակաբվայրերի X քանակության տեղամաս է հասանելի ադրբեջանական զենքի համար, ապա հայկական կողմի համար հասանելի են 2X բնակավայրեր»,-հավելեց նա: