00:00:00

ԵՊՀ փոխդեկանը թույլ չի տվել, որ ուսանողները մասնակցեն օրենքի քննարկմանը

20:31, 23 մարտ 2018

«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը հայտարարութւյուն է տարածել այն մասին, որ մարտի 20-ին ԵՊՀ Միջազգային ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը կանգնել է Պալեանների դահլիճի դիմաց և թույլ չի տվել, որպեսզի ուսանողները մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որը նախաձեռնել էր «ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը։ Հայտարարությունը ստորև․ «Մինչ կառավարությունն ու ԵՊՀ ղեկավարությունը բարձր ամբիոններից վերամբարձ տեքստեր են կարդում ուսանողակենտրոն կրթական համակարգի և ակադեմիական ազատությունների մասին, այդ նույն ժամանակ ԵՊՀ-ում խոչընդոտում են ուսանողների ազատ տեղաշարժման և կամաարտահայտման բնական իրավունքները։ Մասնավորապես՝ մարտի 20-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանը կանգնել էր Պալեանների դահլիճի դռների դիմաց և փաստացի թույլ չէր տալիս, որպեսզի ուսանողները ներս մտնեն ու մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը՝ պատճառաբանելով, թե դասերն ավելի կարևոր են և ուսանողները պետք է այդ ժամանակ դասի լինեն: (ՀՀ Սահմանադրության հոդված 42-ով․ Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, իսկ հոդված 5-ով․ Պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով): Հաշվի առնելով այն փաստը, որ փոխդեկանի անթույլատրելի վարքագծի վերաբերյալ բարձրաձայնել են մի շարք ուսանողներ և լռելը կհանգեցնի խնդրի էլ ավելի խորացմանն ու կրկնվելու ախուսափելիությանը, «ԵՊՀՌեստարտ»-ը կարիք է զգում հանրայնացնել, որ նախաձեռնության անդամներից երկուսը՝ Յուրա Մովսեսյանը և Անի Վարդանյանը, անձնական զրույցի նպատակով հրավիրվել են դեկատանատ և նույն անձի կողմից ստացել են «բարի խորհրդի» վարագույրի տակ թաքնված զգուշացում, որ այդպիսի գործերով(նկատի ունենք «ԵՊՀՌեստարտ» նախաձեռնության շրջանակներում ծավալած գործունեությունը ) պետք չէ զբաղվել, քանի որ դա կարող է բերել վատ հետևանքների։ Ակնհայտ է, որ փոխդեկանի նման վարքագիծը արդյունք է հստակ ուղղորդման։ Համանման իրավիճակները լուռ վկայությունն են այն բանի, որ ինչպեսԵՊՀ-ն, այնպես էլ ամբողջ կրթական համակարգը թաղված են խորը ճահճի մեջ։ Հակառակ դեպքում գիտնական-մանկավարժը երբևէ այդպիսի պարզունակ մանրախնդրության չէր դիմի, ինքն իր բարձր կոչումը հողին չէր հավասարեցնի, այլ ընդհակառակը՝ կգար ու իր ներկայությամբ կխրախուսեր ուսանողների քննական միտքն ու պայքարելու, ինչ-որ դրական փոփոխությունների հասնելու ձգտումները։ Միջադեպերը ապացույցն են նաև այն իրողության, որ ո՛չ կառավարությունը և ո՛չ էլ ԵՊՀ-ն որևէ կերպ հակված չեն կրթական համակարգում բարենորոգումներ իրականացնել։ Օրենքի նախագիծը պարզապես թղթի կտոր է, իսկ մեկնարկած գործընթացը՝ ընդամենը կեղծիք։ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը դատապարտում է փոխդեկան Էդգար Քալանթարյանի հակամանկավարժական և հակաիրավական վարքագիծը՝ հույս հայտնելով որ նա ոչ միայն պատասխանատվության կենթարկվի, այլ նաև կհասկանա, թե արժեքային ինչպիսի ցածր տիրույթում է հայտնվել։ Այսպիսի պայմաններում «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանը այլ ելք չի մնում, քան պայքարը շարունակել էլ ավելի ուժգնությամբ ու վճռականությամբ, քանի որ հիվանդ կրթական համակարգը պետք ունի վիրահատական հրատապ միջամտության»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր