ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարար Տիգրան Խաչատրյանի անունից իրեն առաջարկվել է աշխատանքից ազատման դիմում գրել: Անակչյանը իր ազատման մասին հանձնարարականը կապել է ֆեյսբուքում իր ակտիվության եւ իշխանություններին քննադատելու հետ: «Նման օրենք կա՞, որ քննադատելու համար պետական ծառայողը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի»,- գրել էր նա:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության լրատվության բաժնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Անակչյանը զբաղեցրել է հայեցողական պաշտոն: Նա փետրվարի 5-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված փոխնախարար Հակոբ Ավագյանի օգնականն էր: «Տվյալ աշխատակիցը, բնականաբար, չունենալով համապատասխան անմիջական գործառույթներ, անմիջական գործողությունների շրջանակ, ունեցել է նաեւ բացակայություններ, ուշացումներ: Որի պատճառով առաջարկվել է իրեն՝ 2 կողմից համաձայնությամբ դադարեցնել աշխատանքային լիազորությունները: Ընդամենը այսքանն է, ոչ մի անօրինական բան չկա: Այս պահին փաստացի աշխատակիցը ազատված չէ աշխատանքից: Ցանկացած գործողություն, որը նախարարությունը կիրականացնի, կլինի օրենքի շրջանակներում: Խնդիրը որեւէ կապ չունի տվյալ աշխատակցի ֆեյսբուքյան ակտիվության հետ, նա վաղուց է նման գրառումներ անում եւ չգիտեմ՝ ինչու է այդ հարցը հիմա բարձրացրել: Նաեւ խոսակցություններ կան այն մասին, որ նա պարգեւատրում է ստացել, նշեմ, որ պարգեւատրումը եռամսյակային է՝ ինչը ներառում է նաեւ հունվար ամիսը: Այդ ժամանակ նա բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, ինչի համար էլ ստացել է պարգեւատրում: Այդ ժամանակ դեռեւս Հակոբ Ավագյանը զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը»: