00:00:00

Ինչո՞ւ են Էջմիածնի փոխքաղաքապետի անունը կապում «աղբի տեսակավորման» գործի հետ

02:39, 15 մայիս 2019

 
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բողոքի գործողությունները ընդդեմ էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող եւ աղբավայրում իրենց հացը վաստակող քաղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տեսակավորել են աղբը, ապակին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնացրել են եւ հանձնել:
Այս տեղեկատվության աղբյուրը նշում է՝ թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործն իրենով է արել էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահանգով աղբատարներն աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսակավորվում է, հետո միայն անպետք աղբը տեղափոխվում աղբավայր: Երեկ այն քաղաքացիները, որոնք երկու տասնամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից։ Վերոնշյալ քաղաքացիները պատրաստ են անգամ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել։
 
Այս հրապարակման հետ կապված՝ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվել է հերքում, որտեղ նշվում է՝ այն արատավորում է համայնքապետարանի ու Էջմիածնի փոխքաղաքապետի բարի համբավը, քանի որ տեղեկատվությունը ստահոդ է։ Ավելին՝ հերքման պահանջ է ներկայացվել այս «ստահոդ» տեղեկատվությունը հրապարակող լրատվամիջոցին՝ զգուցացմամբ, որ եթե դա չարվի, այս հարցը իրավական դաշտ է տեղափոխվելու։
 
Այս թեման ավելի խորությամբ ներկայացնելու համար irakanum.am-ը զրույցեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ։
 
«Ես ինքս էլ, երբ այդ նյութը տեսել եմ, ապշել եմ։ Մանավանդ, այդ նյութում նշվում է՝ մի ամիս շարունակ՝ բողոքի ակցիաները չեն դադարում։ Եթե ակցիաներ լինեին, դրանք հաստատ լինելու էին մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս նյութում պահպանված չէ լրագրողական էթիկան։ Մեզ՝ որպես երկրորդ կողմ, չեն զանգահարել, քաղաքապետարան հարցում չեն ուղարկել, բացի այդ՝ հղում արված չէ ինչ–որ աղբյուրի։ Այդ նյութն ամբողջությամբ ստահոդ է», - նշեց Մարիամ Պողոսյանը։
 
Պարզվեց՝ 12 փետրվարի 2019 թվականի փետրվարի 12-ին ավագանին որոշում է ընդունել աղբի տեսակավորման հետ կապված, այն է՝
1. «Ալբերտ Զարբաբյան Անդրանիկի» ԱՁ -ին սեփականության իրավունքով վաճառքի միջոցով օտարել ապրանք՝ կենցաղային և շինարարական աղբից ԱՁ-ի կողմից տարանջատված թափոններ:
2. Ապրանքի ամսական վարձավճարի չափը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, պայմանագիրը կնքելով 6 /վեց/ ամիս ժամկետով:
3. Էջմիածին համայնքի ղեկավարին առաջարկել մեկամսյա ժամկետում «Ալբերտ Զարբաբյան Անդրանիկի» ԱՁ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել առքուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 
Ստացվում է՝ աղբը տեսակավորող ու դրա միջոցով գումար վաստակող քաղաքացիներն այլևս չեն կարող շարունակել իրենց գործը։
 
Այնուամենայնիվ, Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պետ Մարիամ Պողոսյանը վստահեցրեց՝ փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն առնչություն չունի այս ամենի հետ։
 
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ Էջմիածնի ալրաղացի տարածքը պատկանում է փոխքաղաքապետ Արսեն Պոտրոսյանին (հենց ալրաղացի տարածքում է աղբը դատարկվում ու տեսակավորվում), և իսկապե՞ս ալրաղացի տարածքում ակցիաներ եղել են, Մարիամ Պետրոսյանը պատասխանեց՝ տեղեկություն չունի այդ մասին։
«Ես քաղաքապետարանի գործունեության հետ ցանկացած հարցի կարող եմ պատասխանել, իսկ այս հարցերին չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ ասել՝ որպես փոխքաղաքապետ՝ պարոն Պետրոսյանն այս ամենի հետ որևէ կապ չունի, իսկ մնացածը նեղ հարցեր են, որոնց չեմ տիրապետում», - նշեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնի պետը։
 
Մենք պարզեցինք՝ Էջմիածի ալրաղացի, մասնավորապես՝ «Տ․ Ա․ Ս․ - ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ի տնօրենը Հակոբ Սիմոնի Ելեջյանն է։
Փաստորեն, դե յուրե փոխքաղաքապետն առնչություն չունի այս ՍՊԸ-ի և վերը նշված ԱՁ-ի հետ։ Այնուամենայնիվ, այս թեմայի հետ կապված՝ գրավոր հարցումով կդիմենք հենց փոխքաղաքապետին, որպեսզի ներկայացնենք նաև նրա դիտարկումները, թե ինչու են իր անունը կապում աղբի տեսակավորման գործի հետ։
 
Առաջիկայում կփորփենք պարզել նաև, թե ի՞նչ կապ ունի աղբի տեսակավորման աշխատանքներն իրականացնող «Ալբերտ Զարբաբյան Անդրանիկի» ԱՁ-ն «Տ․ Ա․ Ս․ - ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ի հետ, որի տարածքում իրականացվում է այդ գործընթացը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր